ՀՀ բնակչության 65 տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ համագործակցությանը. սոցիոլոգ

281

Հայաստանի բնակչության 65 տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ համագործակցությանը: 1992 թվականից սկսած բնակչության շուրջ 60 տոկոսը կողմ է եղել ՌԴ հետ սերտ համագործակցությանը և անցած 25 տարիների ընթացքում այդ համագործակցության կողմնակիցների թիվը մշտապես տատանվել է 60-70 տոկոսի միջակայքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:


Ինչ վերաբերում է Եվրամիության և ԱՄՆ-ի հետ համագործակցությանը, ապա դրան կողմ է բնակչության 20 տոկոսը: Ադիբեկյանը նկատեց, որ վերջին տարիներին հանրային տրամադրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու հետ կապված փոխվել են: Մասնավորապես, Եվրամիության և ԱՄՆ հետ հարաբերությունները խորացնելու կողմնակիցների թիվը նվազել է. սա են ցույց տվել սոցիոլոգիական հարցումնրը.


«2012 թվականին ԵՄ-ին կողմ է եղել բնակչության 17 տոկոսը, ԱՄՆ-ին՝ 6 տոկոսը, սակայն 2016-ին նրանց կողմնակիցների թիվը նվազել է և զարմանալի չէր, որ վերջին համապետական ընտրություններին ԵՄ կողմնակիցները դառը պարտություն կրեցին: Ընդհանրապես, արտաքին կողմնորոշման հարցում մեծ դեր է խաղում տնտեսական համագործակցությունը: Ռուսաստանը, օրինակ, ՀՀ-ում 10 մլրդ դոլարի անմիջական ներդրումներ է կատարել, իսկ եվրոպական երկրները՝ 5 մլրդ դոլարի: Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, ապա դրա ներդրումները կազմել են կես միլիարդ: Այս ամենը կարևոր գործոն են տրամադրությունների համար»,- ասաց սոցիոլոգը:


Բանախոսը նշեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման կողմնակիցների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ հայկական ընտանիքների ամեն 4-րդ անդամը ՌԴ-ում է՝ կա՛մ մեկնել է արտագնա աշխատանքի, կա՛մ էլ ապրում է այդ երկրում: Իսկ այս ամենը, մնացած բոլոր ցուցանիշների հետ միասին, չի կարող դրական չազդել ՌԴ նկատմամբ տրամադրությունների վրա:

Տպել

Թեմայի այլ նորություններ