29.03.2024
Սրտի վիրահատության գները կնվազեն, գնային նոր բանաձևը կիրառության մեջ կդրվի հունվարից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանի և Մոլդովայի համագործակցության համար լավ հեռանկարներ կան. Սերժ Սարգսյան

Իգոր Դոդոնը Մոլդովայի միակ ու առաջին նախագահն է, ով այցելել է Հայաստան: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝  Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպումից հետո:


Նախագահը նշել է, որ հարցերի շրջանակը, որոնց անդրադարձել են, լայն էր: Քննարկումների ընթացքում փոխադարձ ցանկություն է արտահայտվել զարգացնելու համագործակցությունը, իրացնելու երկկողմ հարաբերությունների մեծ ներուժը և անցած տարի Քիշնևում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին որոշումը դիտարկվել է որպես գործնական քայլ այդ ուղղությամբ:


«Հատուկ ուշադրություն ենք հատկացրել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը: Չնայած այն փաստին, որ Հայաստանի և Մոլդովայի միջև 2017 թվականի առաջին ինն ամիսների առևտրաշրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 33 տոկոսով, ընդ որում՝ հայկական արտադրանքի արտահանումը՝ 2.1 անգամ, մենք չենք կարող բավարարվել դրանով, և անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին, որպեսզի աճի այդ միտմանը հաղորդենք կայուն բնույթ: Կարծում եմ, որ տնտեսության մեջ համագործակցության ավանդական ուղղությունների հետ մեկտեղ, մեր երկրներին անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել բարձր տեխնոլոգիաներին, նորարարություններին: Հուսով ենք, որ Միջկառավարական հանձնաժողովը առաջ կմղի երկկողմ տնտեսական օրակարգի հարցերի ողջ համալիրը, կաջակցի դրա դիվերսիֆիկացմանը, նոր հետաքրքիր ծրագրերի մեկնարկին: Ընդ որում, մենք պայմանավորվել ենք ոչ ավելի ուշ, քան հաջորդ տարի՝ գարնանը, անցկացնել Միջկառավարական հանձնաժողովի նիստ»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Բանակցությունների ընթացքում ուշադրություն է հատկացվել նաև արտաքին քաղաքական թեմային: Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցություն զարգացնելով երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության կապերի և փոխադարձ հարգանքի հունով, հնարավոր է հասնել ավելի արդյունավետ համագործակցության տարբեր բազմակողմ ձևաչափերում: Եվ Հայաստանը ողջունում ու աջակցում է Մոլդովայի Հանրապետության ձգտումը՝ ավելի սերտ համագործակցելու ինտեգրացիոն միավորումների հետ:


«Բանակցությունների ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է նաև Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը»,- ասել է հանրապետության ղեկավարը:


Իր խոսքը Սերժ Սարգսյանը հավելել է՝ նշելով, որ Հայաստանում իրապես շահագրգռված են, որ իր քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները ստանան նոր հնարավորություններ համատեղ գործարար, գիտական և մշակութային ծրագրերի կյանքի կոչման համար:


«Դրա համար առկա են բոլոր պայմանները, իսկ ամենակարևորը՝ բարեկամությունը, վստահությունը, համագործակցությունը և, իհարկե, ստեղծարար գործընկերությունը ամրապնդելու մեր երկրների ժողովուրդների ցանկությունը»:

Հայաստանն ու Վրաստանը կխթանեն մրցակցության քաղաքականության ոլորտում փոխգործակցությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար