Իրաքյան Քրդստանը ցանկանում է լավ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի և Իրանի հետ. Բարզանի

393

Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ իրենք ակնկալում են բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Թուրքիայի և Իրանի հետ, ինչպես նաև կառուցողական բանակցությունների մեջ մտնել Բաղդադի հետ, այս մասին գրում է diken.com.tr կայքը:


«Մենք ցանկանում ենք ամբողջական հրադադար և Բաղդադի հետ բանակցությունների մեջ մտնելու համար նրանց կողմից քայլի ենք սպասում: Թուրքիան մեզ միշտ օգնել է դժվար ժամանակներում: Ես ցանկանում եմ լավ հարաբերություններ Թուրքիայի և Իրանի հետ, պատրաստ եմ այցելել այդ երկրներ», - հայտարարել է Քրդստանի վարչապետը, գրում է tert.am-ը:


Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):


Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:

Տպել

Թեմայի այլ նորություններ