Վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության բնագավառում ՀՀ փորձն ուսանելի է

422

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ելույթ ունենալով ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նոյեմբերին 4-ին Տաշքենդում կայացած նիստում, ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի զարգացման հիմնական ուղղությունները:

Նախարարն անդրադարձել է մեր երկրում ատոմային էներգետիկայի զարգացման, առաջնային էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման և գազային ջերմակայանների արտադրության արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Իր ելույթում Աշոտ Մանուկյանը խոսել է նաև երկրի ներքին սպառման կառուցվածքում սեփական վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

Ներկայացնելով ԱՊՀ երկրներում վերականգնվող էներգետիկայի զարգացման գերակայությունների ճանապարհային քարտեզը` ՌԴ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Վերականգնվող էներգետիկայի զարգացման կենտրոնի ղեկավար Գեորգի Երմոլենկոն ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության բնագավառում Հայաստանի փորձն ուսանելի է: 


Նիստում քննարկվել են էլեկտրագազային կայանքների շահագործման տեխնիկայի անվտանգությանը, սարքավորումների հուսալիությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը, ինչպես նաև ոլորտի խնդիրներին առնչվող ավելի քան 6 տասնյակ այլ հարցեր:

Անդրադարձ է արվել նաև կադրային հարցերին։ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվել է Իգոր Կուզկոն:

Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի էներգետիկայի նախարարները, Ուզբեկստանի փոխվարչապետը, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և բնական պաշարների նախարարը, Ադրբեջանի ու Ղրղզստանի էներգետիկայի փոխնախարարները:

Տպել

Թեմայի այլ նորություններ