28.03.2024
Քանի դեռ Սերժ Սարգսյանը ՀՀ-ում ունի լծակներ՝ հոկտեմբերի 27-ը պատշաճ քննության չի արժանանա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ատոմակայանի շահագոործումը կերկարաձգվի մինչեւ 2027 թ-ը, իսկ ի՞նչ սպասել հետո. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:


Շնորհավորելով Միրոսլավ Լիպարին խորհրդի նախագահի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը մաղթել է նրան հաջողություն եւ արգասաբեր աշխատանք՝ հույս հայտնելով, որ ատոմային էներգետիկայի ոլորտում ունեցած մեծ փորձով պարոն Լիպարը կնպաստի խորհրդի արդյունավետ աշխատանքին: Այս մասին հայտնում են նախագահականից:


Հանրապետության Նախագահը եւ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաեւ ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքների ընթացքին:


Միրոսլավ Լիպարը վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը կազմված է բարձր որակավորում ունեցող մասնագետներից եւ կարող է շարունակել զգալի աջակցություն ցուցաբերել ՀԱԷԿ-ին: Նա տեղեկացրել է, որ խորհրդի անդամները երեկ այցելել են կայան եւ ուրախությամբ արձանագրել, որ յուրաքանչյուր այցից հետո նոր բարելավումներ ու առաջընթաց է նկատվում ՀԱԷԿ-ում: Խորհրդի նախագահն ընդգծել է, որ չնայած բավականին աշխատանք է իրականացվել, այդուհանդերձ, դեռեւս անելիքներ շատ կան, եւ խորհուրդն ամենայն պատասխանատվությամբ կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը:


Հանդիպումից հետո Նախագահ Սարգսյանը Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին:


Հանրապետության Նախագահը ողջունել է խորհրդի անդամներին եւ նիստի մյուս մասնակիցներին: Նշելով, որ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի առաջին նիստի անցկացման օրվանից անցել է ուղիղ 20 տարի, ՀԱԷԿ անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացման գործում մասնագիտական աջակցության համար Նախագահը շնորհակալություն է հայտնել անցած այդ քսան տարվա ընթացքում խորհրդի անփոփոխ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին, ինչպես նաեւ խորհրդի նախկին ու ներկա անդամներին: Նախագահը տեղեկացրել է, որ Ադոլֆ Բիրկհոֆերը հարգելի պատճառներով այլեւս չի կարողանա շարունակել պաշտոնավարումը, սակայն կշարունակի մնալ խորհրդի կազմում եւ առողջություն ու բարօրություն է մաղթել նրան: Ընդգծելով, որ խորհրդում բարձր են գնահատում Ադոլֆ Բիրկհոֆերի նախագահության ընթացքում Հայկական ԱԷԿ անվտանգության բարձրացման ազգային ծրագրի իրականացման գործում նրա ձեռքբերումները՝ Նախագահ Սարգսյանը Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման ապահովման գործում ներդրած ավանդի եւ երկարամյա նվիրումի համար խորհրդի երկարամյա նախկին նախագահին պարգեւատրել է Պատվո շքանշանով:


Այնուհետեւ Հանրապետության Նախագահը ներկայացրել է խորհրդի նորանշանակ նախագահ Միրոսլավ Լիպարին, ով 2001 թվականից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ատոմային ոլորտի բազմաթիվ կառույցներում: Նախագահ Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է նաեւ խորհրդում ընդգրկված նոր անդամ Պետեր Քելմին՝ Գերմանիայից, ով երկար տարիներ աշխատել է ատոմային էներգիայի ոլորտում եւ լավ գիտի ՀԱԷԿ-ն ու Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները: Սերժ Սարգսյանը հաջողություններ եւ արգասաբեր աշխատանք է մաղթել նաեւ խորհրդի նորանշանակ անդամներին:


Իր ելույթում Նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի: Նախագահն ընդգծել է, որ բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը:


«Ծրագիրը նախատեսում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչեւ 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում:


ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին եւ այդ ծրագրի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրերը:


Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվում են նախագծային եւ շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաեւ դրա արդիականացման միջոցառումներ: 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, այդ թվում՝ էներգաբլոկի սարքավորումների գործիքային զննությունը, գործնականում ավարտվել են»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:


Նախագահն իր ելույթում նշել է նաեւ, որ Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում մշակվել է «Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարությունը», ինչի արդյունքում վերանայվել է Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման կոնվենցիան: Վերանայված կոնվենցիան հաստատվել է Նախագահի 2017թ. հունվարի հրամանագրով: Արդեն իսկ մշակվել եւ հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը»:


Միացյալ կոնվենցիայի շրջանակներում Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ երկրորդ ազգային զեկույցը, ըստ Նախագահի, ավարտական փուլում է: Ծրագրվում է ազգային զեկույցը փոխանցել ՄԱԳԱՏԷ-ին մինչեւ ընթացիկ տարվա վերջ:


Հանրապետության Նախագահը տեղեկացրել է, որ Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման համաձայն, ծրագրվում է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ հիմքի վրա ստեղծել Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման ազգային օպերատոր:


Նախագահ Սարգսյանը նշել է, որ 2016թ. սեպտեմբերին ներկայացվել է Հայկական ԱԷԿ սթրես-թեսթի փորձագիտական գնահատականի վերջնական տարբերակը եւ սթրես-թեսթի անցկացման արդյունքում մշակված միջոցառումներն ընդգրկված են Հայկական ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների ծրագրում:


Նախագահ հավաստմամբ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իրականացնել կանոնակարգման հարցերի շուրջ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության խորհրդատվությունն ու առաջարկությունները: Խոսելով ԱԷԿ հուսալի եւ անվտանգ աշխատանքի ապահովմանն ուղղված ծրագրային միջոցառումների իրականացման մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ վարժասարքի լիամասշտաբ արդիականացման ծրագրի անհրաժեշտությունը, որին նախորդ նիստում եւս անդրադարձ է եղել:


«Այդ նախագծի առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա հունվարին: Ներկայումս փաստաթղթեր են նախապատրաստվում երկրորդ փուլի աշխատանքների իրականացման համար մրցույթ հայտարարելու նպատակով՝ միտված էներգաբլոկի վարժասարքը լիամասշտաբ վիճակի բերելուն: Արդեն հանձնարարված է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, ՀԱԷԿ ղեկավարությանը՝ հնարավորին սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ աշխատանքներն ավարտելու համար:


Մենք առաջնային նշանակություն ենք տալիս ատոմային ոլորտում կադրային քաղաքականությանը: Կադրերի նորացման, երիտասարդության ներգրավման կենսական անհրաժեշտություն կա` այդ ընթացքում պահպանելով, իհարկե, ժառանգականությունը: Նշված պատճառով էլ մասնագետների պատրաստումը կարեւորագույն խնդիր է, որի լուծումը կնպաստի երկրում գոյություն ունեցող ենթակառուցվածքների պահպանմանը»,- ասել է Հանրապետության Նախագահը:


Սերժ Սարգսյանն իր խոսքում մեծապես կարեւորել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորիչ մարմնի եւ Հայկական ԱԷԿ-ի համաձայնեցված աշխատանքը:


Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում այնուհետեւ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը խորհրդի անդամներին ներկայացրել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը, որից հետո ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը 2015-2017թթ. ժամանակահատվածի համար: Ներկայացված զեկույցների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ:

Աշխարհը ջրաջրային էներգետիկ ռեակտորներով ԱԷԿ-ների աշխատանքի երկարացման հաջող փորձ ունի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար