Աջակցում ենք ՌԴ կողմից ներկայացրած Ընտանիքի ինստիտուտի աջակցության մասին հայտարարությանը

618

Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ և առաջ ԱՊՀ հետագա զարգացմանը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողություններին ադապտացիան: Այս մասին Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


«Կցանկանայի անդրադառնալ, մեր տեսանկյունից, ԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների: Մեկնարկել են մի շարք հարցերի շուրջ առարկայական քննարկումները, որոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջ: Մենք աջակցում ենք այդ գործընթացին, որը պետք է իր իրական դրսևորումը գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետությունների համագործակցության մեջ»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Նախագահը համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է նշել հումանիտար ոլորտում համագործակցությունը:

«Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն»,- շեշտել է նա:

Հաջորդիվ նշել է, որ հետաքրքրված լինելով հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնմամբ «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրն օգտակար նախաձեռնություն է որակում ԱՊՀ պետությունների մշակութային կապերի պահպանման և զարգացման գործում: Սերժ Սարգսյանի խոսքով՝ հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել Համագործակցության մշակութային մայրաքաղաք: Ըստ այդմ, նա հրավիրել է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք այդ տարվա ընթացքում կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում:


«Կցանկանայի նաև ընդգծել 2019թ. Գրքի տարի, իսկ 2020թ. Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի տարի հռչակելու կարևորությունը: Հինգ տարի առաջ՝ հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ մի իրադարձություն, որը մենք լայնորեն նշեցինք հյուրերի մասնակցությամբ, այդ թվում նաև՝ ԱՊՀ երկրներից: Մարդկային կապիտալի զարգացմանը մեծ նշանակություն տալով՝ մենք որպես բազմաթիվ միջոցառումների լեյտմոտիվ ընտրեցինք ընթերցողների շրջանակի ընդլայնումը, քանի որ ընթերցող, զարգացած հասարակություն ունենալը մեզ համար կենսական կարևորություն ունեցող պայման է: Համոզված եմ, որ Մեծ Հաղթանակի առաջիկա հոբելյանը ևս մեկ առիթ է հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը: Հայաստանում չկա որևէ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը հետ չի վերադարձել: Սա նաև լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի և ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար»,- շեշտել է նա:


Իր ելույթի վերջում Հայաստանի աջաջնորդը նշել է, որ Հայաստանը բազմիցս ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը այնպիսի դրսևորումների դեմ պայքարում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և կազմակերպված հանցավորությունը:


«Աջակցում եմ համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք կանոնակարգում են ԱՊՀ երկրների համագործակցությունը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման, ահաբեկչության ֆինանսավորման, թմրաբիզնեսի և միջազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում»,- ասել է նա՝  հաջողություն մաղթելով տաջիկ գործընկերներին և անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնին, ով ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնելով աջակցելու նախատեսված ծրագրերի իրականացմանը՝ ի շահ ԱՊՀ-ի:

Տպել

Թեմայի այլ նորություններ