29.03.2024
Ասիական զարգացման բանկը հնարավոր է մասնակցի «Շնող ՀԷԿ»-ի կառուցմանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. ինչո՞ւ են նվազեցնում վարչապետի լիազորությունները պաշտպանության ոլորտում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ։ Այսօր գործում է 2008թ. նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը։ Չնայած օրենքի առկայությանը, կառավարությունը որոշել է ոչ թե փոփոխություններ և լրացումներ կատարել գործող օրենքում, այլ բոլորովին նոր օրենք ընդունել: Պատճառը, թերևս, փոփոխությունների մեծ ծավալն է, որն առաջարկվում է նոր օրենքի նախագծով: Ամենահիմնականը, թերևս, երկրի պաշտպանության կազմակերպման ոլորտում լիազորությունների վերաբաշխումն է։ Նոր նախագծով բավական լուրջ լիազորություններ են նախատեսված Անվտանգության խորհրդի համար։ Օրենսդրորեն էականորեն նվազեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները։ Բացառված չէ, որ դա արվում է ապագա վարչապետի կոնկրետ անձը նկատի ունենալով»։


«Ժողովուրդը» գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան ԱԺ-ում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին, ինչի արդյունքում աշխատանքից ազատվել են ԱԺ գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն ու հաշվապահության երկու աշխատակից: Պարզվել է, որ երկու հաշվապահներին արձակուրդ է տրվել, բայց հետո նրանց ժամկետից շուտ ետ են կանչել, հետո նորից արձակուրդ ուղարկել: Եւ ամեն անգամ արձակուրդից ետ կանչելու եւ հավելյալ աշխատանքով ծանրաբեռնելու համար բյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվել: Հատկանշական է, սակայն, մեկ այլ փաստ. այս բոլոր որոշումների հետ ի պաշտոնե առնչություն է ունեցել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Բայց հիմա նա պատգամավորական մանդատի բարիքներն է վայելում, իսկ Մինասյանին ու երկու հաշվապահներին աշխատանքից ազատել են: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, սակայն հերքեց այս լուրերը` ասելով, որ որեւէ մեկին աշխատանքից չեն հեռացրել»:


Հնարավոր է՝ առաջիկայում պետական պաշտոնյաները ստիպված լինեն ունեցվածքների հայտարարագրերում նշել նաեւ իրենց եւ իրենց ընտանիքի անդամների՝ զինծառայություն անցած կամ չանցած լինելու մասին։ «ՉԻ». Սա, իհարկե, իմաստուն որոշում է։ Որեւէ պաշտոնյա կարող է ունեցվածքը զոքանչի կամ բաջանաղի անունով գրանցել, բայց բաջանաղի զինծառայությունն իրեն վերագրել չի կարող։ Այլ հարց է, թե տվյալների վերահսկման ինչ մեխանիզմներ կան։ Հիմա, օրինակ, ցանկացած պաշտոնյա կարող է հայտարարագրում նշել, որ, ասենք, 3 միլիոն դոլար է նվեր ստացել (ու շատերն այդպես էլ անում են)։ Նույն հաջողությամբ՝ հիմա էլ կգրեն, որ ամենայն մանրամասնությամբ ծառայել են ՀՀ Զինված ուժերում եւ դրսեւորել սաստիկ խիզախություն։ Ո՞վ պիտի ստուգի։ Շարքային քաղաքացիների համար, դա, իհարկե, կլինի «ռազմական գաղտնիք», փոխարենը՝ պաշտպանության նախարարը լրացուցիչ լծակներ կունենա։ Ամեն դեպքում՝ լավ նախաձեռնություն է։ Միայն թե՝ լավ կլինի, որ անպայման նշվի նաեւ, թե կոնկրետ ո՞ր զորամասում է ծառայել տվյալ պաշտոնյայի կորովի ժառանգը։ Թե չէ՝ ծառայություն էլ կա, ծառայություն էլ։


«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում աղետալի վիճակ է սպասվում անասնաբուծության ոլորտում: Այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, և մեկ կապ խոտի գինը, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի ներկայացմամբ, անցած տարվա 500-600 դրամի փոխարեն դարձել է 2000-2200 դրամ: Նրա խոսքով՝ տարեվերջին մենք մոտ 100.000 գլուխ անասուն պակաս կունենանք: Աշնանը մսի գինը մի փոքր կիջնի, քանի որ զանգվածային մորթ կլինի, բայց գարնանը կտրուկ կթանկանա՝ մինչև 5000 դրամ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է գտնվում Մեծ Բրիտանիայի պալատի պատվիրակությունը՝ լորդ Քալանանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են բազմաթիվ լորդեր, բարոնուհիներ։ Հրավերի շրջանակում ԲՀԿ-ն և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը «Մուլտի գրանդ հոթել»-ում համատեղ կազմակերպել են կոնֆերանս՝ «Պահպանողականություն և առաջընթաց» թեմայով։ Հիշեցնենք, որ ամռանն էլ Գագիկ Ծառուկյանն էր հյուրընկալվել Լորդերի պալատում։ Սեպտեմբերի 24-ին Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան կժամանի Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեղձը չի մթերվում, արտահանումն էլ՝ գրեթե դադարեցված է. գյուղացիները փակուղու առջեւ են կանգնել: Արմավիրի մարզի Լենուղի գյուղի այգիներում դեղձը ծառերի տակ է մնացել: «Հիմա, ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված: Չի մթերվել, չենք կարողացել վաճառել, բերքահավաք էլ չենք արել ու սաղ դեղձը թափվել է: Ծառերի տակ ոտք դնելու տեղ չկա»,– «Փաստ» օրաթերթին ահազանգեցին Լենուղի գյուղի բնակիչները: Միակ գործարանը, որը գյուղացիներից դեղձ է ընդունում «Նոյ»–ն է: Այն դեղձը գնում է կիլոգրամը 60 դրամով, բայց գյուղացին հնարավորություն չունի բերքը գործարան հասցնել: Այն ստիպված կիլոգրամը 40 դրամով վերավաճառողներին է տալիս, որպեսզի նրանք դեղձը գործարան հասցնեն: «Միջնորդն ավելի շատ է աշխատում, քան դեղձատերը: Մի կիլոգրամը 40 դրամով ենք վաճառում: Մենակ բանվորին մի օրվա համար 5000 դրամ փող ենք տալիս: Ամեն այգում ամենաքիչը 3 բանվոր է պետք: Մարդ կա, որ ինքն է դեղձը գործարան տանում՝ 15000 դրամի էլ տեղափոխման համար մեքենային է վճարում», – դժգոհեցին այգետերերը: «Փաստ»–ի տեղեկություններով, սակայն գործարանը գյուղացիներին տեղում չի վճարում: Գյուղացուց գնած բերքի դիմաց կվճարեն փետրվարին:


««Նոյն» էլ քմահաճ է, մի օր տանում է, 3 օր չի տանում», – բողոքեց գյուղացին: Գյուղացիները պատմեցին, որ 15 օր է՝ ինչ դադարեցվել է արտահանումը: Անհատ ձեռներեցները Լենուղի են եկել եւ դեղձ գնել: Վերջին օրերին, սակայն գնորդները հրաժարվել են գյուղացու հետ առեւտուր անել: «Չեք պատկերացնի՝ սկզբում ինչքան լավ էր: Նույնիսկ դաշտերի համար վիճում էին, թե ով որ դաշտը պետք է տանի, հետո կամաց–կամաց սաղ հետ քաշվեցին: Մի քանի օր առաջ եկան, ասեցին, որ Ռուսաստանում դեղձը չի ծախվում, չենք կարող տանել: Դաշտ կար, որ արդեն գինն էին պայմանավորվել, բայց թողեցին ու գնացին»,– փոխանցեց մեր զրուցակիցը: Լենուղիում շուրջ 250 հեկտար դեղձի այգի կա, բերքի քանակից չեն դժգոհում: Համայնքում ոռոգման ջուր չկա, ինչի պատճառով էլ բերքի որակը տուժել է:

Ավելի քան 4000 կրակոց. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար