29.03.2024
Մամուլ. Հովիկ Աբրահամյանը վաճառել է իր ընկերությունները և կապիտալը տեղափոխում է Գերմանիա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ հասարակությունը հայտնվել է կեղծ բարոյականության և վստահության ճգնաժամի սահմանգծին

Թեպետ Հայաստանի Սահմանադրությունն ու հիմնարար օրենքները սահմանում են երկրում գործող կարգն ու հասարակական հարաբերությունները կանոնակարգում դրանց շրջանակներում, սակայն փորձագետները պնդում են, որ իրականությունն այլ է, և հաճախ կարծրատիպերն ու դրանցով ձևավորված նորմերն առավել զորեղ են ու ազդեցիկ, քան օրենքները:


«Հոդված 3» ակումբում հուլիսի 21-ին տեղի ունեցած «Խիստ պահպանողականությու՞ն, կեղծ բարոյականությո՞ւն, թե՞ վստահության ճգնաժամ» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադեւոսյանը՝ պնդելով, որ քաղաքական համակարգում ու հանրության շրջանում գերիշխում են արյունակցական կամ հարեւանական, թաղային ու համայնքային նեղ հարաբերությունները և այս երկու իրականությունների հակադրությունը առկա է ոչ միայն մակրո մակարդակում, այն է՝ երկրի կառավարմանը վերաբերող հարցերում, այլև միկրո մակարդակում՝ հանրային ու անգամ միջանձնային հարաբերություններում:


«Ժամանակին երբ շուկա էինք գնում կշեռքների վրա կարելի էր տեսնել գրություններ, որ վաճառականները երդվում էին, թե իրենց մոտ 1 կգ իսկապես 1000 գրամ է, որ չեն խաբում: Բայց երբ գնումներ էինք կատարում, շատ հաճախ դուրս էր գալիս, որ իրականում 750 գրամ էր, ոչ թե 1000: Այսինքն՝ մարդիկ ապրում են այդ 250-300 գրամ խաբելու միջակայքում: Սա բնորոշ է հանրային հարաբերությունների բազմաթիվ ոլորտներում», - ասաց նա՝ մեկնաբանելով վերջերս հեղինակավոր Pew Research Center-ի հրապարակած հետազոտության արդյունքները, համաձան որոնց Հայաստանի բնակչության 76%-ը անբարոյական է համարում նախաամուսնական սեռական հարաբերությունները, 69%-ը՝ աբորտները, 96%-ը մարմնավաճառությունը, 98%-ը՝ միասեռական հարաբերությունները, իսկ 56%-ի կարծիքով անբարոյական է նաև ամուսնալուծությունը:


Հետազոտությունն իրականացվել է հետխորհրդային և նախկին «սոցճամբարի» 18 երկրներում, ու Հայաստանը բոլոր ցուցանիշներով առաջին դիրքերն է զբաղեցնում: Համաձայն հետազոտության արդյունքների՝ Հայաստանի հասարակությունն ուլտրապահպանողական է: Որքանո՞վ են արժանահավատ այս ցուցանիշները, արդյոք հայ հասարակությունը խիստ պահպանողական հայացքներ ունի և մտածում է կարծրատիպերով, թե՞ մարդիկ, իրականում այլ կերպ մտածելով, մեկ այլ կարծիք են հայտնում մեծամասնությունից չտարբերվելու և ընդունված նորմերից չշեղվելու համար:


Այս հարցման շրջանակներում մարդկանց պատասխանների անկեղծությունը կասկածներ է հարուցում մի քանի պատճառներով: Հարցվածների 69%-ը աբորտն անբարոյականություն է համարում, մինչդեռ Հայաստանը սեռով պայմանավորված աբորտների ցուցանիշներով աշխարհում երկրորդ տեղում է` Չինաստանից հետո, իսկ աբորտների պաշտոնական տվյալը տարեկան ավելի քան 8000 է: Հարցվածների 42 %-ն անբարոյական է համարում հակաբեղմնավորիչների օգտագործումը, սակայն Հայաստանում ոչ միայն «բեյբի-բում» չկա, այլև ծնելիությունն անշեղորեն կրճատվում է:


Չնայած փորձագետները կարծում են, որ բուն հետազոտության արդյունքների մասին դժվար է հստակ կարծիք հայտնել, քանի որ, նախ՝ այն քանակական ուսումանասիրություն է, իսկ երկրորդը՝ ներկայացված չէ դրա իրականացման մեթոդաբանությունը, սակայն ընդհանուր պատկերը բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք առկա են Հայաստանում, մասնավորապես՝ վստահության ճգնաժամը:


Աղասի Թադևոսյանը շեշտում է, որ երկակի չափանիշները հայաստանյան իրականության անբաժան մասն են:


«Այդ երկակի ստանդարտները գործում են ամենուր: Մարդիկ, ըստ նույն հետազոտության, դատապարտում են մարմնավաճառությունը, սակայն մարմնավաճառների մոտ հերթեր են գոյանումլ»,- ասաց Աղասի Թադեւոսյանը՝ հավելելով, որ երկու իրականությունում ապրելու արմատների մի մասը ԽՍՀՄ-ից է գալիս: Նրա բնորոշմամբ, Հայաստանում այս առումով առկա է հանրային վստահության ճգնաժամ, որը խանգարում է նաև զարգանալ հասակությանն ու պետությանը:


«Գուցե, եթե մենք մեզ չխաբենք, Սահմանադրության մեջ գրենք այն ինչ կա, այն է՝ Հայաստանը կիսավտորիտար պետություն է, իսկ իշխանությունն այդ ոգով գործի, վերցնի իր վրա ամբողջական պատասխանատվություն իր հպատակների նկատմամբ, ապա ՀՀ-ում կառավարման համակարգն ավելի արդյունավետ կարող է աշխատել: Ես, իհարկե, աբսուրդ բան եմ ասում, բայց այժմ ստեղծված է մի իրավիճակ, որ դե-յուրե ունենք դեմոկրատական համակարգ, սակայն իրականում համընդհանուր անպատասխանատվություն է տիրում», - ասաց նա:


ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանն էլ նշեց, որ Pew Research Center-ը Հայաստանում հետազոտությունը պատվիրել է Վրաստանում գործող հետազոտական կենտրոնի: Նա փորձել է այդ կազմակերպությունից տեղեկություն ստանալ Հայաստանում հետազոտություն կատարած փորձագետների կամ կազմակերպության մասին, սակայն իրեն տեղեկացրել են, որ որ իրավունք չունեն հայտնելու այդ մասին։


Մյուս կողմից, նա կարծում է, որ այնուամենայնիվ առերևույթ Հայաստանի հասարակությունը պահպանողական է:


«Դժվար է ասել՝ որքան, քանի որ չի կատարվել որակական հետազոտություն: Իսկ քանակական հետազոտությունը, ըստ Շահնազարյանի, միայն խոսում է ընդհանուր միտումների, այլ ոչ թե խորքային գործընթացների մասին: Նրա խոսքով, Հայաստանի հասարակության մեջ առկա են գոյատեւման եւ ինքնադսեւորման արժեքները։ Իսկ գոյատեւման արժեքներից են վախն ապագայի նկատմամբ, անապահովության զգացումը, անհանդուրժողականությունը սեռականության նկատմամբ։ Մեր հասարակության մեջ կոլեկտիվիզմը դառնում է կապող օղակ։ Սրանք հանգեցնում են հենց պահպանողականության դրսևորումների», - ասաց փորձագետը՝ նշելով, որ պետք չէ անտեսել նաև մեծամասնությունից չառանձնանալու ցանկության գործոնը:


Քննարկմանը մասնակից քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ կարծում է, հանրության շրջանում պահպանողական տրամադրություններն իրենց ազդեցությունն են թողնում նաև քաղաքականության վրա: Ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ում իշխանությունը ուժեղ է արցախյան հիմնահարցի պատճառով և «1991 թվականից ի վեր ՀՀ-ում, ըստ էության, համակարգային իշխանափոխություն տեղի չի ունեցել, ի տարբերություն նույն Վրաստանի, որտեղ 2003թ․ իշխանությունը փոխվեց, իսկ 1996 եւ 2008թվականներին էլ բանակի ինտերվենցիան եւ ժողովրդի ընդվզումը ճնշելն իրենց հետքն են թողել մեր երկրի կյանքում»:


Փորձագետի կարծիքով հանրային-քաղաքական տրամադրությունները պրոյեկտվում են նաև տնտեսության վրա: Նա հիշեցրեց մի քանի տարի առաջ հրապարակված Համաշխարհային բանկի տվյալները, համաձայն որոնց, Հայաստանի տնտեսությունը հետխորհրդային տարածքում հանդիսանում է ամենամոնոպոլիզացվածը: Նրա խոսքով, կա ուղղակի կապ մոնոպոլիզացված տնտեսության, քաղաքականության եւ պահպանողական մտածողության միջեւ, քանի որ պահպանողականությունը թույլ չի տալիս մրցակցություն։


«Մոնոպոլիզացված տնտեսությունը, դրա դերակատարները նախկինը պահպանելու հատկություն ունեն: Նաև այստեղից է գալիս, որ քաղաքական ու տնտեսական իշխանությունում մոնոպոլիա ունենալով, իրենք հիմնականում կոնսերվատիվ են դառնում, եւ լիբերալ, նորարար հայացքներ չեն առաջանում: Օրինակ՝ արեւմուտքում նաեւ տնտեսությունն է հանդիսացել գլխավոր պատճառներից մեկը, երբ որ մրցակցություն է եղել ու նոր գաղափարներ են առաջացել` պահպանողականությանը մարտահրավեր է նետվել», - պարզաբանեց նա:

19-ամյա զինծառայողը հայտնաբերվել է կախված վիճակում. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար