29.03.2024
ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետն այլևս չի երկարաձգվելու
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Շաքարավազի «իմպերիայի» տիրակալը խեղդում է մենաշնորհը սասանելու ցանկացած փորձ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Երեք ամիս առաջ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել էր, որ 3 օր ռուս-վրացական սահմանին կանգնեցված ապրանքը՝ շաքարավազը, անցնելով բոլոր ստուգումները, «չերեւացող» ձեռքի շնորհիվ հետ ուղարկվեց, իսկ ռուս գործընկերները հրաժարվեցին շարունակել՝ տեղ հասցնելը համարելով անհնարին: «Հայազնի» անդամը նաեւ գրել էր, որ տեղի ունեցածի մասին մանրամասն կներկայացնի հաշվետվություն: «Իրավունքի» տեղեկություններով՝ «Հայազնի» անդամը օգոստոսին կներկայացնի մանրակրկիտ ուսումնասիրություն, թե ում «թեթեւ» ձեռքով հետ ուղարկվեց ապրանքը: Կուսակցականի նպատակն է կոտրել Հայաստանում մոնոպոլիաները՝ մասնավորապես շաքարային «իմպերիան», որի ղեկավարը պատգամավոր եւ գործարար Սամվել Ալեքսանյանն է: Հայտնի է, որ շաքար ներկրելու մենաշնորհը նրանն է: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ ամիս «Հայազնը» լուծարվեց ու միացավ ՍԴՀԿ-ին»:


«ՀԺ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ներում է շնորհել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, «Վանաձոր» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Վազգեն Խաչիկյանին: Ըստ այդ տեղեկությունների՝ նա առաջիկայում կլինի ազատության մեջ: 13 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը ներման խնդրագրով դիմել էր դեռեւս 2016 թվականին: Նրան ներում շնորհելու տեղեկությունները ճշտելու համար օրեր առաջ հարցում էինք ուղարկել ՀՀ նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն: Գրավոր հարցման մեջ մասնավորապես նշել էինք, թե արդյոք Խաչիկյանի դիմե՞լ է ներման խնդրանքով, եւ ներում շնորհվե՞լ է, թե ոչ: Մեր գրավոր հարցմանը այսօր նախագահականից պատասխանել են, թե դատապարտյալների ներման խնդրագրի վերաբերյալ Սարգսյանի հրամանագրերն անհատական իրավական ակտեր են եւ ենթակա չեն պարտադիր հրապարակման:


«Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ եւ տվյալներ, որոնք, համաձայն 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի 1-ին մասի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, ենթակա են պաշտպանության եւ չի կարելի դրանք օգտագործել կամ տարածել՝ առանց տվյալ անձանց համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հրամանագրի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկում են ներման խնդրագրերով դիմված դատապարտյալները, ինչպես նաեւ միջնորդություններով հանդես եկած անձինք»,- ասվում է գրավոր հարցման պատասխանի մեջ:


Նախագահականից նաեւ հետաքրքրվել էինք, թե վերջին երեք ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանը քանի՞ դատապարտյալի է ներում շնորհել եւ քանիսին՝ մերժել: Ի պատասխան, նախագահականից հայտնել են, որ Սարգսյանի հրամանագրով ներում է շնորհվել 11 դատապարտյալի, մերժվել է 91 դատապարտյալի ներման խնդրագիր: Թե ովքեր են «ներված» դատապարտյալները եւ արդյոք 11-ի մեջ Վազգեն Խաչիկյանը մտնում է, թե ոչ, այդպես էլ չեն պատասխանել: Մեր հարցին չպատասխանեց նաեւ Խաչիկյանի կինը` Լիլիթ Ասատրյանը, նա դեռ մեր հարցը չլսած, ասաց՝ «չեմ մեկնաբանում» եւ անջատեց խոսափողը:


Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել է 2012 թվականին: Դատարանի վճռով Խաչիկյանը մեղավոր է ճանաչվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ եւ խարդախությամբ 29 միլիոն դրամ գումար հափշտակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոն ստացածների կարգավիճակն ուղիղ համեմատական է իրենց պաշտոնյա հարազատների վերելք-վայրէջքներին։ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդին՝ Արթուր Այվազյանը, դեռ տարեվերջին Կապանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել էր Երեւան՝ նշանակվելով Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան պետի տեղակալ։ Սակայն վերջերս նրան տեղափոխել են այլ պաշտոնի՝ նշանակելով ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության փոխադրումների հաշվառման եւ տեղեկատվության բաժնի պետ։


ՊԵԿ-ում եզրակացրել են, որ Վարդան Հարությունյանն ում հետ չի ցանկանում աշխատել, նրան ոչ թե հանում է, այլ այնպիսի տեղ է գործուղում, որ կամովին հեռանան։ Նույն տրամաբանությամբ էլ մեկի պաշտոնն է իջեցնում, մի քանիսին Հայաստանի հյուսիսից գործուղում է հարավ։ ՊԵԿ-ում կատակում են, թե Վարդան Հարությունյանն այնքան արագ է կադրերի տեղափոխություններ անում, որ նույնիսկ չեն հասցնում «տաբլիչկեքը» փոխել։ Օրինակ՝ դատելով ՊԵԿ-ի առաջին հարկում փակցված ցուցանակից, ամիսներ առաջ Մետրոպոլիտենի տնօրեն նշանակված Սասուն Հայրապետյանը շարունակում է աշխատել ՊԵԿ վարչության պետի տեղակալ»:


«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ կիսագաղտնիության պայմաններում կազմակերպված ՀՅԴ բյուրոյի եւ ՀՅԴ ԳՄ համատեղ նիստը այնքան էլ հարթ չի ընթացել: Սուղ պաշտոնական լրատվությամբ՝ այդտեղ Հրանտ Մարգարյանը ներկայացրել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի «ոչ ինքնանպատակ» բնույթը, իսկ նախարարները ներկայացրել են հաշվետվություն: Սակայն, մեր աղբյուրի վկայութմաբ՝ Սփյուռքից եւ հատկապես «Ամերիկայեն» եկած «ընկերները» սուր քննադատել են կոալիցիա մտնելու փաստը որպես այդպիսին, հնչեցրել են մեղադրանքներ՝ կուսակցական գծից շեղվելու եւ իշխանատենչության մասին ու առաջարկել մտածել «հետողորմյայի» մասին»:


«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Մելքումյանը հայտարարագրել է մեկ բազմաբնակարան բանկելի շենք ու երկու բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մայիսի 18–ի, դրությամբ ունեցել է 10 հազար ամերիկյան դոլար փոխառություններ եւ 4 միլիոն դրամ ու 331 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Հունվարի 1–ից մինչեւ մայիսի 18–ն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 5 միլիոն 49 հազար դրամ եւ ստացվել 1 միլիոն 479 հազար ու 2 միլիոն 331 հազար աշխատավարձերից: Իսկ մնացած 1 միլիոն 239 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարների համագումարն է: Հավելենք, որ «Ծառուկյան» խմբակցության անդամ Մելքումյանը միաժամանակ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե միշտ սկանդալների կենտրոնում գտնվող՝ Արարատի նախկին ՀՅԴ-ական մարզպետ Արամայիս Գրիգորյանի ունեցվածքին չափ ու սահման չկա: Վերջինս, 2017 թվականին ստանձնելով Արարատի մարզպետի պաշտոնը, հայտարարագրել է առանձնատուն, որին կից առկա է հողամաս եւ տնտեսական այլ շինություններ: Նա ունի երկու բնակարան՝ բազմաբնակարան շենքում, մեկ հողամաս, այգիներ, հասարակական եւ արտադրական նշանակության շինություններ: Գրիգորյանն ունի LEXUS ԼՏ 600 HL, VAZ 2121, MITSUBISHI PAJERO IO 2.0 մակնիշների մար­դատար երեք ավտոմեքենա եւ ZIL MMZ-45021 մակնիշի բեռնատար մեքենա:


Գրիգորյանի կանխիկ դրամական միջոցները կազմում են 776 հազար ԱՄՆ դոլար, 300 հազար ռուսական ռուբլի եւ 961 մլն ՀՀ դրամ: Գրիգորյանի տարեկան եկամուտը 77 մլն դրամ է, որից 30 մլնը երկու տարբեր շահաբաժիններից ստացված, 41 մլնն այլ եկամուտ, իսկ մնացածը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ Գրիգորյանն առաջին անգամ 2013 թվականին ստանձնելով մարզպետի պաշտոնը, իսկ 2014-ին բնապահպանության նախարարի՝ եւս ունեցել է նշյալ շարժական եւ անշարժ գույքերը, աճման կարգով փոփոխության են ենթարկվել միայն դրամական միջոցները: Հավանաբար, Գրիգորյանն իր անծայրածիր կարողությունը հետ է գցել այն տարիներին, երբ զբաղեցնում էր «Ավշարի» գինու գործարանի տնօրենի եւ «Արաքս» ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնները»:

Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է. Մատվիենկո
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար