29.03.2024
Իրավիճակն Արցախում սրվում է. ի՞նչ կասեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ինչպես է պետությունը հետևողականորեն սովամահ անում ու նվաստացնում տարեցներին

Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում կենսաթոշակի չափը փոխվել է միայն մեկ անգամ՝ 2015 թվականի հունվարից Հայաստանում բազային կեսաթոշակի չափն ավելացել է 2 000 դրամով՝ կազմելով 16 000 դրամ՝ 2014 թվականի 14 000-ի փոխարեն: Դրանից հետո որևէ փոփոխություն այս ոլորտում չի արվել՝ ինչպես 2016 թվականի, այնպես էլ ընթացիկ տարվա հունվարին կենսաթոշակների բարձրացում չեղավ:

Նախօրեին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց 2017-2022թթ. Կառավարության գործունեության ծրագիրը, որում, սակայն, որևէ խոսք անգամ նշված չէ, թե առաջիկա հինգ տարիների ընթացքում որքանո՞վ է հնարավոր բարձրացնել կենսաթոշակները: Իհարկե, ֆինանսական այս հաշվարկները նախապես դժվար է կռահել, քանի որ դա կախված է բազում ցուցանիշներից, երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակից, բյուջեի մուտքերից և այլն: Բայց ծրագրում անգամ նպատակ դրված չէ, թե որքանով է պատրաստվում պետությունը հոգ տանել իր տարեցների համար:

Սակայն 2017-2022 թվականների համար գործադիրի ծրագրի տեքստը կազմողները չեն մոռացել ամրագրել, որ «ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված արտագաղթի դադարեցմանը, ծնելիության բարձրացմանը, կյանքի տևողության երկարացմանը, մահացությունների մակարդակի կրճատմանը, ամուսնությունների թվի ավելացմանը, ինչպես նաև հայրենադարձության նախապայմանների ստեղծմանը, արտաքին միգրացիայի բացասական մնացորդի կրճատմանը և աղետներից զոհերի թվի էական նվազեցմանը»: Բոլոր նշված կետերի մասով կարելի է բերել փաստարկներ, որոնք հակառակն են վկայում՝ այդ ամենին դժվար է հասնել, քանի դեռ ունենք այն, ինչ ունենք:

Օրինակ, ինչպե՞ս դադարեցնես արտագաղթը, երբ մարդկանց եկամուտը տարիներ շարունակ չի ավելանում՝ աշխատավարձեր և կենսաթոշակներ, բայց գնաճը ամենամսյա կտրվածքով բավականին ցավոտ հարվածում է գրպանին: Ինչպե՞ս բարձրացնես ծնելիությունը, երբ ընտանիքում երկու աշխատող ամուսիններն իրենց աշխատավարձով անգամ չեն կարողանում ֆինանսապես հոգալ իրենց ապրուստը, իսկ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրը արձակուրդի ընթացքում ստանալու է ընդամենը 18 հազար դրամ: Ի դեպ, այս թիվը ևս մի քանի տարի է մնում է անփոփոխ և, որքան հասկանում ենք, դժվար էլ զգալի փոփոխվի առաջիկայում: Ավելացնենք նաև այն, որ երիտասարդ ընտանիքների մի մասը բնակվում է վարձով կամ հիփոթեքով բնակարան է գնել, ինչը հավելյալ ծանրություն է ընտանեկան բյուջեի վրա, որը, սակայն, մնում է անփոփոխ:

Հայաստանի կենսաթոշակառուները ստանում են 20-50 հազար թոշակ, միջին ցուցանիշը՝ 40 հազար դրամ: Հայաստանի բնակչության շուրջ 450 հազարը թոշակառու է: Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2017 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, միջին ընթացիկ գներով, կազմել է 56. 918.7 դրամ ամսական կտրվածքով: Նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական զամբյուղի արժեքն աճել է շուրջ 2 000 դրամով՝ ի տարբերություն կենսաթոշակների ու աշխատավարձերի:

Հիշեցնենք, որ սպառողական զամբյուղը մարդու առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների հիմնավորված նորմերով և նորմատիվներով սահմանված նվազագույն քանակն է: Այսինքն, միայնակ տարեցը, որը եկամուտի այլ աղբյուր չունի ու միակ ապրուստը թոշակն է, պարզապես սովամահ կլինի՝ ստանալով 20-50 հազար թոշակ ամսական:

Ի դեպ, Հայաստանում 2017 թվականին նվազագույն աշխատավարձը ևս մնաց անփոփոխ՝ այն կազմում է 55 հազար դրամ: 2017-2022 թթ. Կառավարության ծրագրով նախատեսվում է, որ առաջիկա հինգ տարիներին նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի աճ կապահովվի: Սակայն պետք չէ ուրախանալ ժամանակից շուտ, քանի որ 2012-2017թթ. Կառավարության ծրագրում նվազագույն աշխատավարձի մասով նպատակ էր դրվել «նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում», իսկ 2012 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրթության ու գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ 2017 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 90 հազար դրամ:

Բայց իրականությունը տեսնում ենք բոլորս. 2013 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացվել էր 30 տոկոսով՝ կազմելով 45 հազար դրամ, վերջին բարձրացումը եղել է 2015 թվականին և մինչ օրս ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ: Այսինքն, ՀՀ կառավարության ծրագրի այս կետը չի կատարվել, ինչպես նաև երկրի ղեկավարի հնչեցրած թիվը՝ 90 հազար դրամ, ուղղակի օդից վերցրած թիվ էր:


Իշխանությունների համար ուրախալի պաշտոնական վիճակագրություն. աղքատության ցուցանիշը 2016 թվականին նվազել է՝ մեկ տարվա ընթացքում 30 տոկոսից հասնելով 29․8 տոկոսի: Ոչ պաշտոնական պատկերը, սակայն, հատկապես մարզերում է ակնհայտ:

Վերջին տարիներին ու հատկապես այս նոր ձևավորված կառավարությանը հարիր է բարձր թվեր ու նպատակներ հնչեցնել, ծրագրեր մշակել ու հանձնարարականներ տալ այս կամ այն հարցի շուրջ, որը պետք է թեթևացնի քաղաքացու ամենօրյա հոգսը: Մինչ այս պահը այդ ամենը լոկ խոսքեր են՝ մեծամասամբ ամպագոռգոռ, երբեմն ականջ շոյող ու հույս ներշնչող, որ ահա հիմա ինչ-որ բան կփոխվի ու միջանցքում արդեն դրված ճամպրուկը անձնական իրերով ի վերջո չի լցվի ու ուղղություն չի վերցնի դեպի արտագաղթի ճամփա: Բայց ոչ ոք վաղուց արդեն իշխանություններին չի հավատում:

Լիա Խոջոյան


 

Հայ-իսրայելական «ատամնացավը». Ո՞վ է պատասխանատու ՀՀ հեղինակությանը հասցված վնասի համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար