28.03.2024
ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Ազգային Ժողով չի ընտրվել, ընտրությունը կատարելու է Սերժ Սարգսյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ Դաշնակցություն կուսակցությունը իշխանությունների հետ քննարկում է ապագա կառավարությունում ևս մեկ նախարարություն ձեռք բերելու հարցը։ Գործող կառավարությունում ՀՅԴ-ն ունի երեք նախարարներ։ Դաշնակցությանն էին տրված տարածքային կառավարման, կրթության և գիտության ու բնապահպանության նախարարությունները։ Բայց քանի որ ապրիլի 2-ի ընտրություններին ՀՅԴ-ն նախկինից մի փոքր շատ՝ 7 տոկոս ձայն է ստացել, ցանկանում է ևս մեկ նախարարի պորտֆել իր օգտին ավելացնել։ ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի կամ առողջապահության նախարարությունից որևէ մեկը: Դրանք բավական լայն ընդգրկում ունեն և ամենաշատ ֆինանսներ ստացող ու ծախող գերատեսչություններն են։ Ի դեպ, սոցիալական, առողջապահության և կրթությանն ուղղված գումարներն իրենց մեծությամբ ՀՀ բյուջեի առաջին շարքերում են։


Թերթը փորձել է իշխանություններից պարզել, թե այդ առումով ինչ քննարկումներ ունեն ՀՅԴ-ի հետ։ «Կոալիցիայի վերաբերյալ հարցերը պարզ կդառնան առաջիկայում, դեռ որոշակի պայմանավորվածություն չկա»,- պատասխանել է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը»։


«Ժամանակ»-ը գրում է. «Խորհրդարանի ընտրության քվեարկության օրվանից եւ արդյունքի հրապարակումից անցել է արդեն ավելի քան երեք շաբաթ, սակայն առկա է բավական արտառոց մի պատկեր՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն վերցրած եւ երկրորդ տեղը զբաղեցրած, համախառն արդյունքում խորհրդարանի երեւի թե մոտ 90 տոկոսը տնօրինող երկու ուժերի պարագայում առ այսօր պարզ չեն պատգամավորական խմբակցությունների կազմերը, այսինքն՝ պարզ չէ, թե ովքեր են ներկայացնելու հանրությանը խորհրդարանում՝ վերցնելով մանդատները: Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ «Ծառուկյան» դաշինքը մինչ այժմ անորոշության մեջ են կամ անորոշության մեջ են պահում հասարակությանը, թե ովքեր են այս ուժերը ներկայացնելու խորհրդարանում:


Դեռ պարզ չէ, թե ի վերջո ովքեր են դառնում պատգամավոր: Այդ մասին ոչ ոք տեղյակ չէ թե՛ ՀՀԿ-ում, թե՛ «Ծառուկյան» դաշինքում: Տեղյակ է կամ որոշել է ինչ-որ բան Սերժ Սարգսյանը, բայց չի՞ ասում, թե՞ Սերժ Սարգսյանն էլ չի որոշել դեռ: Եթե չի որոշել, ի՞նչն է պատճառը:


Եվ մեկ այլ հետաքրքիր հարց է առաջանում. եթե Հայ ազգային կոնգրեսը ընտրության արդյունքը չվիճարկեր Սահմանադրական դատարանում, ապա մանդատների հարցը, պատգամավորական կազմերի հարցը արդեն իսկ պետք է լիներ որոշված: Փաստորեն, Կոնգրեսի հայցը տվել է ներկայիս անորոշությունը, այսպես ասած, ձգելու իրավական ժամանակահատված: Սերժ Սարգսյանը գիտե՞ր, որ ունենալու է նման ժամանակահատված, եւ պետք չէ շտապել, թե՞ չգիտեր, պարզապես օգտվում է ՀԱԿ-ի ընձեռած առիթից:


Միեւնույն ժամանակ կասկածից վեր է, որ մանդատների հարցը քմահաճույքով չէ, որ որոշվում է, եւ անորոշությունը պայմանավորված է մաթեմատիկական ճշգրտության հաշվարկի անհրաժեշտությամբ եւ միաժամանակ ՀՀԿ ներսում եղած բաժանարար գծերով:


Բանն այն է, որ մանդատների քանակը կա, սակայն «քարտեզը» պետք է գծվի 2018 թվականի ապրիլից հետո իրավիճակի հաշվարկով: Այսինքն՝ օրինակ, այս համատեքստում Սերժ Սարգսյանին պետք է իքս կազմ, Կարեն Կարապետյանին՝ օրինակ, պետք է իգրեկ կազմ: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ՀՀԿ խմբակցության ձեւավորմանը, այլ նաեւ առնվազն «Ծառուկյան» դաշինքին: Այդպիսով, մեծ հաշվով ստացվում է, որ առայժմ ունենք ոչ թե ձեւավորված խորհրդարան, այլ ըստ էության վարձակալված կամ «մեծածախ» ձեռք բերված մանդատներ, որոնք դրվել են աճուրդի: Պարզապես հարցն այն է, թե ինչ սկզբունքով է նախատեսվում վճարումը: Այսինքն՝ խոշոր հաշվով խորհրդարան չի էլ ընտրվել, ընտրությունը կատարելու է Սերժ Սարգսյանը, եւ առնվազն 2017 թվականին Հայաստանում գործում է Սերժ Սարգսյանի, ոչ թե խորհրդարանական կառավարման մոդելը»:


«Հայկական Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի էներգետիկ շուկայում սպասվում են մեծ փոփոխություններ: Մինչեւ այս տարվա մայիսի 31-ը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կառավարության հաստատմանը կներկայացնի մի ծրագիր իր ժամանակացույցով, որի իրականացման արդյունքում մեր էներգետիկ շուկան հետզհետե կազատականացվի:


Վերջնական արդյունքը կլինի այն, որ մեր ներքին շուկայում էլէներգիա կարող են վաճառել բոլոր ցանկացողները` թե ներքին, եւ թե արտաքին էլէներգիա արտադրողները: Այդ դեպքում գինը կորոշվի շուկայի տրամաբանությամբ: Տեսականորեն դա կարող է հանգեցնել սակագների նվազմանը: Միեւնույն ժամանակ դա կարող է բացասաբար անդրադառնալ մեր էլէներգիա արտադրող կայանների վրա, որոնք պետք է ձգտեն նվազեցնել իրենց արտադրանքի ինքնարժեքը: Թե գործնական ինչպիսի պատկեր կստեղծվի էլէներգիայի մեր շուկայում, ցույց կտա ժամանակը: Այս ծրագրի մշակմանը մասնակցել են նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետները»:


«Ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը ապրիլի 27-ին կառավարության հրաժարականից հետո այլևս չի վերանշանակվի իր պաշտոնում: Նա նշանակվելու է Սամվել Կարապետյանին պատկանող ռուսական «Տաշիր էլեկտրիկ» կոնցեռնի գլխավոր տնօրեն»:


«Ժողովուրդ»-ը գրում է․ «Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգևորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան՝ 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տևեց շատ կարճ. որոշ ժամանակ անց ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը:


Մեզ հայտնի է դարձել, որ Հայաստանի 2-րդ քաղաքից ՌԴ մայրաքաղաք ամենաէժան ավիատոմսերն առաջարկում են 30 հազար դրամից սկսած: Իսկ Երևանից դեպի Մոսկվա թռիչքներն իրականացվում են ամենաէժանը 35 հազար դրամով: Ընդ որում, ամռան ամիսներին, երբ սովորաբար ավիատոմսերի գները նվազում են, դեպի Մոսկվա մեկնելու համար 40 հազարից էժան չի ճարվում: Այսինքն՝ մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ, և շոուբիզնեսի տրամադրությամբ շոուն առաջ մղվեց՝ բիզնես շահերը սպասարկելու իրական ձգտումով»:

2017-ին ակնկալվում է արտահանման 200 մլն դոլարի աճ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար