Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի. խոսնակ

162

Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի: Հետևաբար Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլանների ձախողման կամ փոփոխման մասին խոսք լինել չի կարող: Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:


Նա հիշեցրել է, որ բազմիցս է ասել, որ նախկին նախագահը արդի քաղաքական գործընթացներին որևէ կերպ չի մասնակցում: Ըստ նրա,  այսքանը պետք է որ բավարար լիներ մնացած հարցերը հանելու համար, բայց քանի որ դրանք շարունակական են, ապաև արձանագրել է հետևյալը. 


«Անցած ընտրություններին մենք ոչ կուսակցություն կամ դաշինք ունեինք առաջադրած, ոչ առանձին թեկնածուներ էինք առաջադրել տարբեր կուսակցություններից, ոչ էլ քաղաքական ակնկալիքներ ունեինք այդ ընտրություններից ընդհանրապես: Սա է ճշմարտությունը, և առաջին անգամը չէ, որ այն կրկնում եմ: Եթե այսքանից հետո էլի կգտնվեն մարդիկ, ովքեր հակառակը կպնդեն՝ ի՞նչ ասեմ, այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Թող դիմեն հոգեբանների օգնությանը»,- նշել է նա:


Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին, Սողոմոնյանը, հղում անելով Քոչարյանի հայտարարությանը նկատել է, որ նախկին նախագահի կանխատեսումներն իրականություն դարձան: Իսկ այդ ամենի ֆոնին շրջանառվող լուրերին, թե  այս օրերին Քոչարյանը հանդիպել է Իշխան Զաքարյանի հետ, խոսնակն արձագանքել է.  


«Անցած ամսվա ընթացքում երկրորդ նախագահի օրակարգի մեջ ես որևէ հատուկ ակտիվություն չեմ տեսել, արտառոց հանդիպումներ՝ ևս: Ապրել և աշխատել է առօրեական ռեժիմով: Ինչ վերաբերում է պարոն Զաքարյանին, ապա նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում ու մեզ համար հատուկ իրադարձություն չեն: Եվ ես ամեն հերթական անգամ չեմ հետաքրքրվում, թե ինչ են խոսել: Ի դեպ, որ խոսք է գնում՝ ասեմ. արտառոց են ոչ թե նման հանդիպումները, այլ դրանց բացակայությունը, հատկապես այն պարագայում, երբ մարդը որպես պաշտոնյա կայացել է հենց նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին»:


Հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ, Վիկտոր Սոողոմոնյանը նշել է, որ հենց Քոչարյանն է ասել՝ երբեք մի ասա երբեք.


«Իրեն լավ ճանաչելով՝ համոզված եմ, որ առնվազն չի դադարելու արձագանքել Հայաստանի և Արցախի առաջ ծառացած ամենաբարդ խնդիրներին՝ հայտնելով իր տեսակետները հանրությանը: Բայց, անցած 9 տարիների ընթացքում որևէ մեկ անգամ չեմ լսել Քոչարյանից թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն: Կամ՝ կուզենայի վերադառնալ, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ առաջադրվել և այլն: Որևէ մեկ անգամ ինչ-որ գործողություններ կամ դեպի վերադարձ տանող ուղիներ չենք քննարկել ու չենք զտել, թեև, ինչպես հասկանում եք, դրանք (նկատի ունեմ՝ վերադարձի հնարավորությունները) միշտ եղել են ու հիմա էլ կան: Ամենաթարմ սոցիոլոգիական հարցումները, սոցիալական ցանցերի մոնիթորինգը ապացուցում են, որ Ռոբերտ Քոչարյանը վարկանիշի խնդիր չունի, դրական ընկալման խնդիր չունի, որ մարդիկ հիշում են ու տարեց տարի էլ ավելի են գնահատում իր ժամանակների ձեռքբերումները և կարողանում են զատել ճշմարտությունը կեղծիքից: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չի ունեցել և հիմա էլ չունի. դա բացառապես իր որոշման հարցն է: Պետք է պարզապես իր համար որոշում կայացնի այդ առնչությամբ, ինչը մինչ օրս չի արել: Ինչ կլինի հետո՝ ես չգիտեմ»,- հավելել է նա:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ