Ուկրաինայի Ռադան հնարավոր է քննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

211

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ հնարավոր է Ուկրաինայի Գերագույն Ռադայում քննարկման դրվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նախաձեռնությունը նոր չէ ուկրաինական խորհրդարանի համար, բայց նախկինում հաջողությամբ չի պսակվել:


Այս անգամ նման քննարկում անցկացնելու կոչով հանդես են եկել Զապորոժիյեի շրջանային խորհրդի պատգամավորները՝ նրանք առաջարկում են ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Կոչին, ի դեպ, միացել են Զապորոժիեի շրջանային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ «Պյոտր Պորոշենկոյի դաշինք»-ի ներկայացուցիչները: 


Analitikaua.net-ի հաղորդմամբ, առաջիկայում այդ կոչը կուղարկվի Ռադա, որն էլ որոշում կկայացնի քննարկում անցկացնելու կամ չանցկացնելու մասով:


Ուկրաինայի խորհրդարանը առաջին անգամ չէ, որ անդրադառնում է այս հարցին: Այդպես, 2013 թվականի հունիսին խորհրդարանում գրանցվեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ, որի հեղինակներն էին պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավագովն ու Նվեր Մխիթարյանը: Սակայն նախագիծը նույնիսկ քվեարկության չդրվեց:


Հաջորդ նախաձեռնությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին էր, սակայն ունեցավ նույն ճակատագիրը՝ այն անգամ քվեարկության չդրվեց:   


 

Տպել

Загрузка...