Բալասանյան. Ադրբեջանին չի հաջողվի խնդիրը ռազմական ճանապարհով լուծել

196

Հակառակորդն իսկապես ավելի շատ սպառազինություն ունի, բայց, չնայած դրան, Ադրբեջանին չի հաջողվի խնդիրը ռազմական ճանապարհով լուծել: Ապրիլյան իրադարձությունները ոչ թե Ադրբեջանի ջանքերի, այլ մեր զգոնության թուլացման հետեւանք էին: Այս մասին News.am-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նրա խոսքով, ապրիլյան իրադարձությունները տեղի ունեցան Ադրբեջանում ազգամիջյան խնդիրների սրացման ֆոնին: Միաժամանակ, այդ երկրի իշխանություններն աշխարհին ցուցադրեցին հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամությունը՝ հույս ունենալով, որ հայկական կողմը խաղաղություն կխնդրի: Սակայն Բաքվում թող խաբկանքի մեջ չլինի:

«Հայաստանի և Արցախի համար հեշտ է, քանի որ մենք մոնոէթնիկ պետություններ ենք, ազգային հարցեր չկան, իսկ մեր տարածքներում բնակվող ժողովուրդները մեր երկրի լիարժեք համաքաղաքացիներն են: Ադրբեջանում բազմազգ պետություն լինելու հարցը սուր է կանգնած: Բազմաթիվ ժողովուրդների, որոնք պարբերաբար ճնշումների են ենթարկվում, զրկվում են ազգային ինքնությունից, պարտադիր ադրբեջանական ժողովրդի «շարքն են դասում»: Այսպիսով սրելով իրավիճակը՝ Ալիեւի կլանը «լուծում» է իր խնդիրները»,- նշել է նա:

Բալասանյանն ասել է, որ մենք միամտորեն հավատում ենք ստորագրված փաստաթղթերին, այլ պետությունների եւ համանախագահների հայտարարություններին: Հենց սա տեղի ունեցավ անցյալ տարվա ապրիլին: Բայց որքան էլ ծանր լինի սա ասել, ապրիլյան իրադարձությունները զոհերը, ըստ նրա, մեսիջ էին ամբողջ հայությանը և ագրեսիայի մեկնարկից ժամեր անց արդեն ամբողջ հայությունը ոտքի կանգնեց: Իսկ դա, նրա կարծիքով, շահագրգիռ կողմերին վախեցրեց եւ ստիպեց քայլեր ձեռնարկել՝ խաղաղություն հաստատելու համար:

«Այո, մենք մարդկային եւ տարածքային կորուստներ ունեցանք: Բայց մեծ հաշվով, ռազմավարական տեսանկյունից, Ադբրեջանին չհաջողվեց մեծ հաջողության հասնել»,- շեշտել է Բալասանյանը:

Նա նշել է, որ մի շարք ուղղություններում Պաշտպանության բանակը գերակայող բարձունքներ է զբաղեցնում եւ կարող է իր կամքը թելադրել: Եվ չնայած նրանց բոլոր ամպագորգոռ հայտարարություններին, եթե մենք թույլ չտանք, նրանք չեն կարող ոչ մի քար առաջ շարժել.

«Ադրբեջանական իշխանությունների եւ լրատվամիջոցների կողմից շահարկվող՝ իբր գրավված Չոջուխ Մարջանլը գյուղը երբեք հայկական չի եղել, մեր դիրքերից 600 մետր հեռավորությամբ է։ Գյուղը մեր վերահսկողության տակ է: Մենք ռազմական գործողությունների կողմնակից չենք եւ ամեն ինչ անում ենք հակամարտության խաղաղ լուծման համար, ինչն Ադրբեջանը չի հասկանում: Բայց ես այստեղ Թուրքիայի եւ որոշ երկրների ձեռքն եմ տեսնում, որոնց խորհուրդ կտայի չխառնվել ուրիշների գործերին: Եվ ինչպես էլ զարգանան իրադարձությունները, խնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով: Առավել եւս, որ հակամարտությունը հսկայական վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արեւելքում, մեզանից 400 կմ հեռավորությամբ, ինչ է տեղի ունենում մեզանից 500-600 կմ հեռավորությամբ՝ Աֆղանստանում, Պակիստանում: Հյուսիսային Կովկասը նույնպես պոտենցիալ պայթյունավտանգ տարածաշրջան է»,- ընդգծել է Վիտալի Բալասանյանը:

Նա նշել է, որ ապրիլից հետո հակայածավալ աշխատանք է արվել, առաջնագծում ինժեներական աշխատանքները գրեթե ավարտված են: Նույնը կարող է ասել նաեւ կապի միջոցների մասին. թվային տեխնոլոգիաներ են ներդրվել, գիշերային ջերմատեսիլ եւ ցերեկային սարքեր, տեսաձայնային հսկողության համակարգ, անօդաչու թռչող սարքերի խոցման համակարգ: Բալասանյանը շեշտել է՝ Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող 200 կմ-անոց սահմանագծում չկա որեւէ կետ, որը գիշեր ու ցերեկ չի հսկվում: Սպառազինությունը բոլոր ուղղություններով արդիականացվում է:

«Մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք է արվել, եւ այսօր չեմ կարող որեւէ խոցելի տեղ մատնանշել: Եվ այդ աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ: Եթե իրադարձությունները կրկնվեն, վստահ եմ, որ լուրջ խնդիրներ կառաջանան Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Բայց հարկավոր է բոլոր ջանքերը ներդնել՝ սրացում թույլ չտալու համար»:

Հարցին՝ Արցախը պե՞տք է հասնի ադրբեջանական զիվորականների կողմից մարդու իրավունքների խախտումների համար մեղավորներին պատժելուն, Բալասանյանը հարցադրումով է հակադարձել՝ իսկ ո՞ւմ դիմենք:

«Օրինակ՝ ՄԱԿ-ը բանաձեւեր է ընդունում այս կամ այն հարցով, իսկ ո՞վ է դրանք իրականացնում: Տեսեք՝ ինչ եղավ Սիրիայի, Լիբիայի, Եգիպտոսի հետ: Մարդկանց մի խումբ որոշում կայացրեց: Իսկ Սիրիայում քանի՞ հազար երեխա սպանվեց: Ո՞վ է այդ մասին մտածում, ո՞վ է պատասխանատու։ Կարծում եմ՝ պետք է դիմենք այնպիսի ատյանների, ովքեր մտահոգ են մեր մասին: Բայց հենց այնպես դիմելն անիմաստ է: Այսօր աշխարհաքաղաքականությունն այնքան է հեռացել հունից, այնպիսի անկանխատեսելի իրադարձություններ են տեղի ունենում: Հայությունը պետք է ավելի միասնական դառնա եւ պաշտպանի իր երկիրը: Համոզված եմ, որ եթե առաջիկա տարիներին հաջողվի խուսափել իրավիճակի սրացումից, մենք կկարողանանք արտասովոր իրադարձությունների ականատես լինել Ադրբեջանում եւ Թուրքիայում»,- հավելել է նա:


Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...