ԵԱՀԿ դիտորդ. ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված

116

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, ազատությունները ընդհանուր առմամբ հարգված էին: Թեև հարկ է նկատել, որ ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքի վերաբերյալ վստահության արժանի, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների, դիտորդների, ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին տեղեկությունները, ինչի հետևանքով նկատվել է հանրային վստահության պակաս:


Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կարճաժամկետ դիտորդների ԵԱՀԿ դիտորդական առաքելության հատուկ կոորդինատոր և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը:

Նա նշեց, որ քվեարկությունն ընդհանուր առմամբ հանդարտ ու խաղաղ է անցել, բայց նկատվել են կազմակերպչական խնդիրներ, հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից անհարկի միջամտություններ գործընթացի նկատմամբ, ինչը նշանակում է, որ բարեփոխումներ իրականացնելու համար քաղաքական ուժերին անհրաժեշտ է հասունություն ցուցաբերել և հրաժարվել անցյալի գործելակերպերից:

Իգնասիո Սանչես Ամորը նշեց, որ ընտրություններն առաջին քայլն էին Հայաստանում նոր կառավարման համակարգի անցման ճանապարհին, սակայն փոփոխությունը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում, դրա համար ժամանակ է պետք: «Մենք շարունակում ենք մնալ Հայաստանում, հետևել գործընթացներին, քանզի ընտրությունները չեն սահմանափակվում քվեարկության գործընթացով միայն»,- հավելեց նա:

Նշենք, որ միջազգային դիտորդների կողմից այսօր հրապարակվեց նախնական եզրակացությունը, ամբողջական զեկույցը կներկայացվի մեկ ամսից, սակայն Ամորը նշեց, որ ապրիլի 10-ին իրենց մասնակցությամբ Հայաստանում կանցկացվի քննարկում, որի շրջանակում անդրադարձ կարվի ընտրական գործընթացին:


Իր հերթին ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը նշեց, որ իրենց նախնական եզրակացությունը պարունակում է և՛ դրական, և՛ բացասական տարրեր: Բացասական կողմը ներառում է քվեարկության գաղտնիության խախտման, ընտրակաշառքի բաժանման, կուսակցության ներկայացուցիչների և ոստիկանության կողմից միջամտությունների դեպքերին անդրադարձ և այլն.


«Մենք դեռ երկու շաբաթ մնալու ենք Հայաստանում,  հետևելու ենք հետընտրական զարգացումներին, արդյունքների վերջնական տեսքին, բողոքների քննարկմանը», - տեղեկացրեց նա:


Հիշեցնենք նաև, ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության կազմում են շուրջ 450 դիտորդներ 42 երկրներից, այդ թվում` ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված 340 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, ԵԱՀԿ ԽՎ-ի 66 խորհրդարանականներ և աշխատակազմի անդամներ` 24-ը ԵԽԽՎ-ից և 13-ը ԵԽ- ից:

Տպել

Թեմայի այլ նորություններ