29.03.2024
Աշոտյան. Ընտրությունները ՀՀԿ-ի համար կարևոր են ոչ միայն իրենց արդյունքով, այլ նաև որակով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սարգսյան. Ելակետային է Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ ասվում է, որ այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Սերժ Սարգսյանը նշել է, որ կողմերն ավարտել են բանակցությունները։ Նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

«Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել ոլորտային համագործակցության առումով՝ ստորագրելով Փոքր և միջին ձեռնարկությունների և նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաև Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին և «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները: Ընդհանուր առմամբ նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում», - հայտարարել է ՀՀ նախագահը:

Քննարկվել են նաև Հայաստան–Եվրոպական միություն օրակարգի այլ հարցեր, անդրադարձ արվել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։

«Ակնկալում ենք, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչն ամրագրված էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում, և մեծապես կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ համագործակցության առանցքը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են: ԵՄ-ն Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում մշտապես եղել է երկրի կողքին և տրամադրել էական ֆինանսական, տեխնիկական ու բարոյական աջակցություն, որի արդյունքը տեսանելի է ամենատարբեր բնագավառներում. բարեփոխվել են հանրային կառավարման, արդարադատության, գյուղատնտեսության, վիճակագրության, պետական գնումների ոլորտները, աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար կատարելագործվել է միջին մասնագիտական կրթության ոլորտը, և բարելավվել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը վճռական է առաջ մղելու այս փոխգործակցությունը վերոհիշյալ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նոր ձեռքբերումներ գրանցելու համար։

Անդրադառնալով ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոնք առաջինն են 2015 թվականին երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներից հետո, նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական կառավարման համակարգի փոփոխության տեսլականը մեկն է՝ վստահորեն առաջընթաց քայլ կատարել ժողովրդավարության հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ:

«Այս ընտրությունները նախապատրաստելու համար լրջագույն փոփոխությունների է ենթարկվել նաև ընտրական համակարգը․ բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրք, որն ամրապնդել է բաց, թափանցիկ, ավելի արդար ընտրությունների անցկացման հիմքը: Մեր նպատակն է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք էականորեն կբարձրացնեն մեր հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Այդ նպատակով մենք հրավիրել և ողջունել ենք այս ընտրություններին հնարավորինս մեծաթիվ ու ներկայացուցչական միջազգային դիտորդական առաքելության մասնակցությունը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանից: Միաժամանակ խրախուսում ենք տեղական դիտորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լինել ակտիվ», - ասել է Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով Հայաստանի համար այս կարևոր փուլում ԵՄ կողմից զգալի միջոցներ Ընտրական օրենսգրքի դրույթների իրագործմանը տրամադրելու համար։ Նա նաև վստահություն է հայտնել, որ այս օժանդակության և համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն բոլորի համար:

Բնական է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Երկրի ղեկավարի խոսքով` վերահաստատվել է, որ այն չունի ռազմական լուծում.

«Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում, այլև վաղուց արդեն ճանաչված և ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում: Ասել է թե սա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ: Մենք շնորհակալ ենք խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ հավասարակշռված դիրքորոշման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վստահելու և աջակցելու համար», - ասել է նախագահը:

ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2200 կրակոց
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար