28.03.2024
ՀՀ կառավարություն կներկայացվի ընկերությունների գործարար ծրագրերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀԿ-ական. Մենք ապավինում ենք Սփյուռքին, բայց դրսից քվեարկելու համար չկան բավարար երաշխիքներ

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները դարձյալ չեն մասնակցի: Ընտրական նոր օրենսգիրքը այդ փոփոխությունը այս անգամ էլ չամրագրեց, թեև տարիներ առաջ ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ 2017-ի ընտրությունները նաև սփյուռքին ընտրելու հնարավորություն կընձեռեն: Իշխանությունների նման մոտեցումը շատ հարցականներ է առաջ քաշում, բայց դրանից ոչինչ չի փոխվում:

Հարցի վերաբերյալ VERELQ-ը զրուցեց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, Ընտրական օրենսգիրքը ևս արգելում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին մասնակցել համապետական ընտրություններին: Մինչդեռ 2012 թվականին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարում էր, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին այդ արգելքը կհանվի: Ինչո՞ւ այդպես չեղավ:

-Նախ, ասեմ, որ արտերկրում բնակվող դիվանագիտական և հյուպատոսական աշխատանք կատարող անձինք և նրանց ընտանիքի անդամները էլեկտրոնային եղանակով կարող են քվեարկել: Չեն կարող քվեարկությանը մասնակցել ընտրության օրը արտերկրում գտնվող մեր քաղաքացիները և այն պարզ պատճառով, որ պետք է հնարավոր լինի այդ ցանկը հստակեցնել, որովհետև շատ դժվար է կանխատեսել շարժը և փորձել ըստ այդմ նախապատրաստվել: Երբ 2010 թվականին քննարկում էինք Ընտրական օրենսգիրքը, կարծես թե վստահության խնդիր կար մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, ովքեր նշում էին, որ դրսից ձայներ ուղարկել և կեղծելը շատ ավելի հեշտ կլինի: Իսկ մենք ԱՄՆ չենք, որ էլեկտրոնային եղանակով կատարես քվեարկություն, իսկ այնուհետև մեղադրանքներ լսվեն, թե ՌԴ-ն միջամտել է նախագահական ընտրություններին, ինչպես եղավ Միացյալ Նահանգներում բոլորովին վերջերս դա արձագանք չստանա հասարակության շրջանում: Հետևաբար մենք գնացինք այն տարբերակին, որ միայն դիվանագիտական և հյուպատոսական աշխատանք կատարող անձինք դրսում հնարավորություն ունենան մասնակցել քվեարկությանը:

-Տեսակետ կա, որ իշխանությունները պարզապես վախենում են արտերկրում բնակվող մեր հայրենակիցների քվեարկությունից, քանզի նրանց մեծամասնությունը լավ օրից չէ, որ լքել է հայրենիքը:

-Դա ընդամենը տեսակետ է, վախենալու որևէ բան չկա: Իսկ այդ քաղաքացիները շատ հանգիստ կարող են գալ և քվեարկել ընտրության օրը Հայաստանում, քանզի որևէ սահմանափակում չկա: Պարզապես վերահսկողության, վերահսկելիության մեխանիզմները բավարար չեն, որպեսզի վստահություն ներշնչեն, դրա համար քննարկումների արդյունքում մենք զերծ ենք մնացել այս գործիքը օգտագործելուց:

-Եթե Հայաստանն անընդհատ սատարում է Սփյուռքի օգնությանը, ամեն հարցում դիմում իր արտերկրում բնակվող քաղաքացիներին, արդա՞ր է, որ նույն այդ մարդկանց զրկում է ընտրության իրավունքից:

-Բավականին վտանգավոր հարցադրում է... մենք հայտարարում ենք և ասում ենք, որ ամբողջ աշխարհում ապրում է 10 մլն հայ, և բոլորի տունը Հայաստանն է: Ընտրական գործընթացը, սակայն, փոքր ինչ այլ մեխանիզմ ու դրսևորում է: Իհարկե, մենք հզոր ենք մեր սփյուռքով և երբ Ադրբեջանի նավթադոլարների դեմ խոսում ենք հավասարը հավասարի պես, իսկ երբեմն նաև ավելի բարձր տոնայնությամբ, ապա դրանում արտացոլվում է ամբողջ հայության ուժը և ոչ թե միայն Հայաստանում ապրող հայերի: Բայց մենք պետք է հասկանանք, որ ընտրությունը կազմակերպելը, պետություն կառավարելը և նմանատիպ գործընթացները, որպեսզի լինեն ավելի վստահելի և թափանցիկ, մենք պետք է որոշակի առումով նաև կանոնակարգենք:

Արդյո՞ք հնարավոր է խուսափել եվրոպական երկրներում կազմակերպված քվեարկությանն այլ միջամտություններից ու հատկապես, երբ դա տեղի է ունենում էլեկտրոնային եղանակով: Ես պատահական չբերեցի ԱՄՆ նախագահական վերջին ընտրությունների օրինակը ու դրանց հաջորդած մեղադրանքները Ռուսաստանի հասցեին, թե ռուս հաքերները միջամտել են և այդ գործողություններով ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Մենք այդ վստահությունը ու երաշխիքները չունենք, որ դրսից քվեարկությանը միջամտություն չի լինի, հատկապես մեզ թշնամի կամ այլ պետությունների ոկղմից իրականացված: Դրա համար այս հարցը փոքր-ինչ այլ հարթության մեջ պետք է նայել. մենք իսկապես ապավինում ենք Սփյուռքին ու մշտապես վկայակոչում դրսում ապրող մեր հայրենակիցներին և դա ձևական չէ:

-Պարոն Սահակյան, հեռանկարում տեսնո՞ւմ եք, որ այդ արգելքը ի վերջո կվերացվի:


-Ամեն ինչ հնարավոր է, բայց դեռ վաղ է այդ մասին խոսել, որովհետև, կրկնում եմ, տարբեր մեխանիզմներ պետք է մշակվեն: Այսօր ներդրված էլեկտրոնային եղանակով քվեարկությունը դիվանագիտական և հյուպատոսական աշխատանքներ իրականացնող ներկայացուցիչների համար, կարծում եմ, արդյունավետ չի լինի: Եթե կլինեն մարդիկ, ովքեր վեց ամիս առաջ դեսպանատներում և ներկայացուցչություններում կգրանցվեն, հետաքրքրություն և շահագրգռվածություն կցուցաբերեն մասնակցելու Հայաստանում սպասվող ընտրություններին, միգուցե այս տեսանկյունից հետագայում հնարավոր կլինի այդ հարցը քննարկել: Բայց այսօր էլեկտրոնային եղանակով քվեարկություն իրականացնելը հնարավոր չէ երաշխիքների բացակայության պատճառով. մենք ԱՄՆ չենք, եվրոպական այլ երկիր չենք, այլ փաստացի պատերազմող երկիր ենք:

Զրուցեց Լիա Խոջոյանը
Վարչապետ. Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար