Թիլերսոնը ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ ազնիվ եւ բաց երկխոսության կոչ է անելու

Exxon Mobil–ի նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնը, որին Դոնալդ Թրամփն առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, պատրաստվում է հայտարարել, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում, սակայն միաժամանակ կոչ է անելու Մոսկվայի հետ ազնիվ եւ բաց երկխոսություն վարել։

Սենատում լսումների ժամանակ ելույթի տեքստը տարածել է ԱՄՆ նորընտիր նախագահի անցումային թիմը, փոխանցում է BBC–ն։ Հունվարի 11-ին սենատում կայանալու են լսումներ, որոնց ընթացքում քննարկվելու է Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածության հարցը։

ՆԱՏՕ–ում ԱՄՆ դաշնակիցներն իրավացի են, որ զգուշանում են «վերածնվող Ռուսաստանից», ասված է ելույթում։ Պետքարտուղարի թեկնածուն նշելու է, որ համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դերի ուժեղացումը տեղի է ունեցել ԱՄՆ ազդեցության նվազման հետեւանքով։

Նրա ելույթի տեքստից պարզ է դառնում, որ թեկնածուն կոչ է անելու Մոսկվայի հավակնությունների շուրջ ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ ազնիվ եւ բաց երկխոսություն վարել։ Նրա կարծիքով Ամերիկային դա պետք է, որպեսզի կառուցի զարգացման սեփական ուղին։ Ռուսաստանը անկանխատեսելի չէ իր շահերին հետեւելու առումով, կարծում է նա։