Ալիևը մեղադրել է ՀԱՊԿ նախկին ղեկավարներին քաղաքական մեծ սխալ գործելու մեջ

Президент Азербайджана Ильхам Алиев

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության ընդլայնված նիստում, որը նվիրված է եղել 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների ամփոփմանը, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դեկտեմբերին Չինարիի վրա ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը։

Խոսելով այդ միջադեպի կապակցությամբ ՀԱՊԿ-ի արձագանքի մասին՝ Ալիևը հայտարարել է.

«ՀԱՊԿ-ի նախկին ղեկավարները քաղաքական մեծ սխալ են գործել՝ որդեգրելով հայամետ դիրքորոշում և կիրառելով անընդունելի ձևակերպումներ (ԼՂՀ)։
Այսօր մենք գիտենք նրանց ճակատագիրը։ Մենք ցանկանում ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը և մեր դրոշը պարզել կորսված բոլոր հողերում։ Մենք կլուծենք խնդիրը։ Ապրիլյան բախումները զգալի քայլ դարձան այդ ուղղությամբ։ Մենք ունակ ենք յուրաքանչյուր պահի հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Ստատուս-քվոն անընդունելի է, և պետք է փոխվի»,- հայտարարել է Ալիևը։

Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: ՀԱՊԿ-ը մտահոգություն էր հայտնել Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության կապակցությամբ:

«ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը ՀՀ Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա: Թվում էր, որ երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների գործադրած ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ի վերջո ավելի կակտիվանա: Սակայն վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն է առաջացնում»,- ասված էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ: