Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ ընտրություններն արդար պետք է անցնեն, այդ օրը պետք է «չեպե» չլինի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակը» գրում է. «Ամանորին նախորդող ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ ընտրությունները արդար պետք է անցնեն, մինչ ընտրության օրն ինչ աշխատանք ուզում եք տարեք՝ այդ օրը պետք է «չեպե» չլինի։ ԳՄ-ին տեղեկացվել է, որ Կարեն Կարապետյանը չի լինելու նախընտրական ցուցակում, օրենքը թույլ չի տալիս գրանցել որպես պատգամավորի թեկնածու, վերջինս՝ որպես թիմի վարչապետի թեկնածու, իրականացնելու է լուրջ քարոզչություն՝ տնտեսական մասով։ ՀՀԿ նախընտրական քարոզչության հիմնական պատասխանատուն Արմեն Աշոտյանն է, շտաբում է նաեւ նախագահի նախկին օգնական Սևակ Լալայանը։ Շտաբը կղեկավարի Սերժ Սարգսյանը, մյուս հարցերի վերջնական լուծումը, թե ովքեր կլինեն շտաբում, տեղակալների ինչ համամասնություն կլինի, ինչ դերակատարություն կունենա շտաբի նախկին պետ Հովիկ Աբրահամյանը թողնվել է հունվարի 13-ից հետո՝ երբ Սերժ Սարգսյանը կվերդառնա արտերկրից»:

«Ժամանակը» գրում է.«ՀՀԿ խորհրդի առաջիկա նիստում, որը կկայանա Սերժ Սարգսյանի հունվարի 13-ին արձակուրդից վերադառնալուց հետո, ըստ էության կուրվագծվի ՀՀԿ ցուցակի նախնական պատկերը։ Ի դեպ, հենց այս նիստից հետո ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը։ ՀՀԿ կանայք դեմ են, որ տակավին նորաթուխ ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն։ Ի դեպ, Հանրապետականի ներսում անցկացված հարցումներով էլ ամենաբարձր վարկանիշն ունի հենց Արփինե Հովհաննիսյանը։ Բացի դրանից՝ Արփինե Հովհաննիսյանը վայելում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունը։ Հենց նրա պնդմամբ՝ ցուցակի առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը»:

«Ժամանակը» գրում է. «Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի և ՀԱԿ-ի միջև համագործակցությունը դադարի։ Բանն այն է, որ Ստեփան Դեմիրճյանը բանակցում Է միանգամից երեք դաշինքներում անցողիկ տեղի համար։ Ստեփան Դեմիրճյանը հնարավոր Է համարում նոր խորհրդարանում հայտնվել Վիկտոր Դալլաքյանի, Սեյրան Օհանյան– Վարդան Օսկանյան տանդեմի կամ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ապագա դաշինքի հետ։ Վերջնական որոշում դեռևս չկա, բայց ամենայն հավանականությամբ Ստեփան Դեմիրճյանին պատրաստ են ընդունել միայն Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն»-ում։ Հիշեցնենք, որ դեռ 2003թ. Վիկտոր Դալլաքյանը սերտ համագործակցում Էր այն ժամանակ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հետ, ապա դարձավ նրա գլխավորած «Արդարություն» դաշինքի քարտուղարը»:

«Հայկական ժամանակը» գրում է.«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավական խոշոր գումարներ Է ծախսել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների համար։ Օրինակ, 39 միլիոն 6 հազար դրամի համակարգիչներ ու հարակից աքսեսուարներ Է գնել։ ԿԸՀ-ն նաև 10 մլն դրամով «Սադոյան» ընկերությանը պատվիրել է ավտոմատացված համակարգում համապատասխան ծրագրեր մշակել ու ներդնել 8 մլն դրամով եռատեղ երկարացման լարեր Է գնել։ ԿԸՀ-ից մեկնաբանեցին, որ նոր Ընտրական օրենսգրքի պահանջները մեծացրել են աշխատանքի ծավալները, և առկա հնարավորությունները չէին բավարարում դրանք ապահովելու համար։ ԿԸՀ-ն այժմ պետք է մուտքագրի կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների տվյալները կամ ընտրություններից հետո սկանավորի ընտրողների ցուցակները»:

«Հրապարակը» գրում է. «Այս տարեվերջը առանձնացավ ուղերձների, նվերների, պարգևների, կոչումների առատությամբ։ Պարգևատրողներն իրարից հետ չէին մնում «կրեատիվությամբ»՝ Գալուստ Սահակյանը պարգևատրեց իր վարորդին, Սերժ Սարգսյանը Լյովա Երանոսյանին «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ տվեց, իսկ Վովա Գասպարյանին՝ գեներալ-գնդապետի կոչում։ Բայց ամենակրեատիվը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էր՝ նա «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով պարգևատրեց ՀՀ բնապահաանության նախկին նախարարներ Վռամ Թևոսյանին, Սարգիս Շահազիզյանին, Գևորգ Վարդանյանին, Մուրադ Մուրադյանին, Վարդան Այվազյանին։ Չգիտես ինչու ցանկից դուրս էին մնացել Արամայիս Գրիգորյանը, Արամ Հարությունյանը, Կարինե Դանիելյանը»:

«Հայկական ժամանակը» գրում է. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմել Է հայկական կողմին՝ խնդրելով վերադարձնել դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում ադրբեջանական հատուկջոկատայինների իրականացրած դիվերսիոն գործողությունների ընթացքում զոհված ադրբեջանցի զինվոր Չինգիզ Ղուրբանով Սալմանօղլուի մարմինը։ Հայկական կողմը, սակայն հայտնել Է, որ քանի դեռ փորձաքննությունները չեն ավարտվել, դիակի վերադարձի մասին խոսք լինել չի կարող։ Բացի այդ հայկական կողմը, ըստ մեր տեղեկությունների, հստակ հասկացնել Է տվել, որ եթե Ադրբեջանն ընդունի նախահարձակ լինելու հանգամանքը և հանդես գա մեղայականով, դրանով միայն կարագացնի իր զինվորի մարմնի վերադարձի գործընթացը»: