Ադրբեջանական SOCAR-ը և Օբամայի խորհրդականները հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

284
Washington Post պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը գաղտնի ֆինանսավորել ամերիկացի կոնգրեսականների այցը Ադրբեջան: Հոդվածը հիմնված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին կից գործող Կոնգրեսական էթիկայի գրասենյակի զեկույցի վրա: Այդ մասին հայտնում է EADaily-ն:

Խոսքը 2013թ. Կոնգրեսի 10 և վարչակազմի 32 անդամի՝ 2013թ. Բաքու այցի մասին է՝ «ԱՄՆ-Ադրբեջան. ապագայի տեսլական» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով: 70-էջանոց զեկույցի համաձայն, SOCAR-ը 750 հազ. դոլար է փոխանցել ԱՄՆ-ում գործող ոչ առևտրային կազմակերպություններին՝ համաժողովի ֆինանսավորման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով: Նախորդ տարվա ընթացքում SOCAR-ը մի քանի այլ խոշոր էներգետիկ ընկերությունների հետ համատեղ փորձել է հասնել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների թուլացմանը՝ Կասպից ծովում 28 միլիարդ դոլարանոց գազամուղի նախագիծն իրականացնելու համար:

Համաժողովի մասնակիցներից Դեննի Դևիսի խոսքով, էթիկայի հանձնաժողովը հավանություն է տվել իր և կնոջ Բաքու կատարելիք այցին: Նա նշել է, որ գորգ է ստացել որպես նվեր՝ այն այժմ պահվում է Չիկագոյի իր նկուղում ու ինքը այն պատրաստվում է թանգարանին նվիրել:

Միջոցառման մեկ այլ մասնակից Ռուբեն Ինոխոսան հայտարարել է, որ իրենց այցը հավանության է արժանացել Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի կողմից: Նա նշել է, որ կարծել է, թե իրենց այցը միտված է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը: Ինոխոսան հաստատել է նվերներ ստանալու փաստը, սակայն ըստ նրա, դրանք չեն անցել Կոնգրեսի սահմանված շրջանակներից:

Համաժողովի ևս մի քանի մասնակիցներ հրաժարվել են քննության հետ համագործակցությունից՝ նշելով, որ տեղյակ չէին իրական հովանավորների մասին, իսկ այցը հավանության է արժանացել էթիկայի հանձնաժողովի կողմից: Հետազոտության տվյալներով, կոնգրեսականները ստացել են մի շարք նվերներ, այդ թվում ականջողեր, ադրբեջանական գորգեր, պայուսակներ և այլն: Մի քանի կոնգրեսականներ նշել են, որ իրենց կարծիքով իրենց նվիրված գորգերի արժեքը չի անցել 300 դոլարի սահմանները, այսինքն թույլատրված շեմից ցածր գին են ունեցել:

Տպել

Загрузка...