Փորձագետներ. Հալեպի ազատագրումն ունի ռազմավարական նշանակություն

Իսլամական հեղափոխության պահապաններ գնդի հրամանատարներից գեներալ Հոսեյն Սալյամին Սիրիայի բանակի ու դաշնակիցների կողմից Հալեպի ազատագրումը համարում է ռազմավարական հաղթանակ։ Դրանով չեզոքացվել է Սիրիան կազմաքանդելու ԱՄՆ–ի ռազմավարությունը, փոխանցում է Fars News–ը։

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հայտարարել է, որ Հալեպում զինված ընդդիմության պարտությունից հետո թուրքական և քաթարյան հատուկ ծառաությունները փորձում են տրանսֆորմացնել կազմաքանդված 9 ընդդիմադիր խմբավորումները։ Անկարան և Դոհան հասկանում են, որ Հալեպը, որպես հակաասադական ուժերի դեմ պայքարի օջախ, ոչնչացված է։ Նրանք այժմ ցանկանում են ստեղծել կենտրոնացված սուննիական դիմադրություն Իդլիբում, որտեղ տեղափոխվել են գրոհայինները Հալեպից ու Դամասկոսի շրջակայքից։

Ըստ նրա, Քաթարն ու Թուրքիան փորձում են պահպանել սուննիական դիմադրությունը Սիրիայում ու այն մոտեցնել Մահմեդական եղբայրների գաղափարախոսությանը, որպեսզի քաղաքական լեգիտիմիզացիան տան այդ շարժմանն Արևմուտքում, փոխանցում է vz.ru կայքը։

Ռազմական փորձագետ Անտոն Մարդասովը հայտարարել է, որ այս պահին ընդդիմությունը փորձում է հակագրոհել Հալեպի ուղղությամբ, սակայն սիրիական ուժերի ու շիական միավորումների պաշտպանական գծերն ուժեղ են, փոխանցում է sputnik.az–ը։

Նրանք չեն կարողանա ճեզքել սիրիական ուժերի շղթան։ Ըստ նրա, Հալեպը մնալու է կառավարական ուժերի հսկողության տակ, իսկ ընդդիմադիր ուժերի ջլատումը կարելի է համարել սիրիական կոալիցիայի հաղթանակ։