Մամուլի տեսություն. Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ-ի ներսում վերջին դրամատիկ փոփոխություններից հետո, Հովիկ Աբրահամյանի դերի էական նվազում է սպասվում, որն արտահայտվելու է նաև այս որոշմամբ։ հայտնի է, որ 1999 թվականից իշխանական ուժի գրեթե բոլոր ընտրությունների շտաբի պետը եղել է Հովիկ Աբրահամյանը։ Մինչև դեկտեմբերի 20-ը Սերժ Սարգսյանը կուսակիցների նեղ շրջանակի համար կհստակեցնի նախընտրական ցուցակում Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի և Տարոն Մարգարյանի տեղերը։ Հայտնի է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը»:

«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստի, որի ժամանակ կարևոր խնդիրներ են լուծվելու՝ նշանակվելու են ՀՀԿ նախագահի տեղակալները և ոչ միայն։ Մեր տեղեկություններով, փոփոխություններ են սպասվում խորհրդի կազմում։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վերադասավորումներ են տեղի ունենալու։ Խորհրդի կազմի փոփոխությունները ցույց կտան, թե ովքեր ակտիվ կլինեն առաջիկա գործընթացներում, ովքեր դուրս կմղվեն թիմից։ Նոր խորհրդում կընդգրկվեն ՀՀԿ մկրտությունը վերջերս ստացած նախարարները և ոչ միայն։ Նիստը տեղի կունենա առաջիկա 5-7 օրերի ընթացքում»:

«Հայկական ժամանակը» գրում է.«Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, որն օրերս Է վերադարձել Արցախից, երեկ մեր թղթակցի հետ զրույցում նկատել Է, որ հակառակորդն իսկապես ակտիվ Է և այդ ակտիվությանը միայն ինժեներական աշխատանքներով կամ դիպուկահարների աշխուժությամբ չի արտահայտվում։ «Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են, փոքր մասշտաբի զորավարժություններ, կուտակումներ։ Այս ամենն ինքնին նոր լարվածություն Է ստեղծում։ Երբ բացակայում են բանակցությունները՝ ավտոմատ կերպով աճում Է մարտական գործողությունների վերսկսման հավանականությանը։ Ամեն դեպքում Ադրբեջանում այդ ուղղությամբ լուրջ նախապատրաստական աշխատանքներ տեսանելի են»,– ասել Է Աբրահամյանը։ Հարցին փաստորեն, իրավիճակի սրում եք կանխատեսում, ե՞րբ կարող Է դա տեղի ունենալ, ըստ ձեզ, և ինչի՞ Է սպասում Ադրբեջանը, քաղաքագետը պատասխանել Է.

«Ադրբեջանը վերադասավորումների փուլում Է պայմանավորված և տնտեսական, և քաղաքական, և ռազմական գործոններով, բայց այն, որ Ադրբեջանն առաջնագծում լուրջ նախապատրաստական աշխատանքներ Է իրականացնում, հիմք Է տալիս ասելու, որ հաջորդ տարի իրավիճակային նոր փոփոխություններ կարելի Է սպասել։ Այդ իմաստով որքանո՞վ Է պատրաստ մեր բանակը հետաքրքրվել Է մեր թղթակիցը։ «Երբ խոսում ենք հակառակորդի գործողությունների, տեղաշարժերի մասին, պետք Է նկատի ունենալ, որ զինված ուժերը ևս համապատասխան ջանքեր Է գործադրում ոչ միայն հակառակորդի շարժը իր տեսանելիության դաշտում պահելու, այլև հնարավոր լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ։ Վերջին 1-2 ամիսների ընթացքում դիվերսիոն գործողությունների մի քանի միջադեպեր են կանխվել։ Դիվերսիոն գործողությունների փորձերը Էականորեն նվազել են, ինչը պայմանավորված Է շփման գծում դիտարկում իրականացնող հատուկ սարքավորումների տեղակայմամբ»,– պատասխանել Է Աբրահամյանը»:

«Ժողովուրդը» գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունը անորոշության մեջ է, քանի որ նրանց մոտ չի ստացվում ո՛չ ընդդիմադիր, ո՛չ կենտրոնամետ, ո՛չ Էլ իշխանական ուժերի հետ դաշինք կազմել կամ միասնական ճակատով գնալ, որևէ ձևաչափի մեջ տեղավորվել։ Ինչո՞ւ, որովհետև այս կուսակցությունում բազում ճյուղեր կան, որոնք կուսակցության ապագայի մասով տարբեր տեսլականներ ունեն։ Օրինակ՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կտրուկ դեմ է դաշինքի որևէ ձևաչափի՝ հիմնավորելով թե որևէ ուժ չկա իրենց համար ընկալելի, որ կարելի լինի «լեզու գտնել»։ Արդյո՞ք նրանք Էլ են սպասում Գագիկ Ծառուկյանի վերադարձին, «Ժողովուրդ»–ի այս հարցին Փոստանջյանը պատասխանեց. «Առաջին անգամ Ձեզանից եմ լսում, չկա նման քննարկում»։ Հավելենք, որ «Ժառանգությունը» քաղաքական կոնսուլտացիաներ Է անցկացնում նաև «Համախմբում» կուսակցության հետ։ Իսկ երեկ կազմավորված ընդդիմադիր դաշինքի հետ «Ժառանգության» միավորումը պարզապես չստացվեց»։