Լավրով․ Վաշինգթոնը խնայում է «Ջեբհաթ ան Նուսրային» Ասադին տապալելու համար

Մոսկվան հիմքեր ունի հավաստիացնելու, որ Վաշինգթոնը խնայում է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, որպեսզի հետագայում դրա օգնությամբ տապալի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմը, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մի շարք օրինակներ կան, որոնք վկայում են այն մասին, որ ամերիկյան կոալիցիայի գործնական գործողություններում «Ջեբհաթ ան Նուսրան» կամա թե ակամա ինչ-որ ձեւով դուրս է բերվում փակագծերից։ Բավականաչափ հիմքեր են եղել ենթադրելու, որ այն խնայում էին ու խնայում են որպես առավել արդյունավետ, մարտունակ ուժ, որը դեմ է Սիրիայի կառավարությանը, որպեսզի երբ գա ժամանակը՝ օգտագործեն այն Սիրիայի օրինական կառավարության տապալման համար»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ Մոսուլից ԻՊ զինյալների շարժումը ու լրացուցիչ գործողությունները այն տարածքներում, որոնք կոալիցիայի ավիացիան է հսկում, դրդում են մտածել, որ «դա համակարգված է, որպեսզի շունչ քաշելու ժամանակ տան այն զինյալներին, որոնք Արեւելյան Հալեպում են ու որոնք իրենց մոտ որպես կենդանի վահան բավականաչափ խաղաղ բնակիչներ են պահում»։