25.04.2024
Կառավարության նոր ծրագրում` հին թիրախներ, սակայն ավելի կոնկրետ միջոցառումներ
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ի ակադեմիայի հիմնադիր Արթուր Բաղդասարյանը ֆինանսավորում է ԱՄՆ-ից

Նախկինում «Օրինաց երկիր», ներկայումս «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է ետ չմնալ իշխող Հանրապետական կուսակցությունից և հիմնել սեփական քաղաքական դպրոցը:

Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ նպատակը կուսակցական ակտիվի վերապատրաստումն է, ընդ որում այդ գործընթացն արդեն մեկնարկել է և կամփոփվի նոյեմբերին Քաղաքական դպրոցի հիմնմամբ: Նշվում է, որ դպրոցը «ինչպես ՀՎԿ, այնպես էլ հասարակական-քաղաքական գիտելիքներով հետաքրքրվող բազմաթիվ երիտասարդների հնարավորություն կընձեռի ձեռք բերել ժամանակակից քաղաքագիտական գիտելիքներ»:

Երկու կարևոր հանգամանք է աչք զառնում այս լուրը կարդալուց. նախ այն, թե հասարակական-քաղաքական ի՞նչ գիտելիքներ են դասավանդվելու այդ դպրոցում, երբ «Օրինաց երկիր»- «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայաստանյան քաղաքական դաշտում համարվում է ամենավարկաբեկվածներից մեկը, իսկ առաջնորդը՝ Արթուր Բաղդասարյանը, իշխանությունը կորցնելուց հետո և ընդդիմադիր դաշտում ծվարելու ապարդյուն փորձերի ֆոնին անում է հնարավորը, որպեսզի կրկին վերադառնա այդ իրեն այդպես էլ չընդունած տիրույթ:

Երկրորդ և ամենից կարևոր հանգամանքն այն է, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցության քաղաքական դպրոցը ֆինանսավորվելու է ԱՄՆ-ից՝ ԱՄՆ «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) ու ԱՄՆ «Ազգային Ժողովրդավարության ինստիտուտի» (NDI) կողմից կազմակերպվող ծրագրի շրջանակներում: Իր մասնաբաժինը կունենա նաև եվրոպական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Մինչդեռ Բաղդասարյանը հանդիսանում է Երևանում կառուցվող ՀԱՊԿ հոգաբարձուների խորհրդի նախագահը, որն էլ, համաձայն խոսակցությունների, իր իսկ տարածքում է կառուցվում: Էլ չասենք, որ Բաղդասարյանը մշտապես համարվել է ավելի շատ պռոռուսական քաղաքական կուրս ունեցող գործիչ և 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը մամուլում դիտարկվել է իբրև ՌԴ-ից հավանություն ստացած կուրս:

Հիշեցնենք, որ Մաքսային միությանը ՀՀ անդամակցելու որոշման հրապարակվելուց հետո «Օրինաց երկիր» կուսակցությունը առաջիններից էր, որ հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, որ այդ որոշումը բխում է Հայաստանի շահերից բոլոր առումներով և իրենք կողմ են քվեարկելու ԵԱՏՄ-ին միանալուն: Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Բաղդասարյանը մշտապես լիարժեք սատարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսը:

Ուշագրավ է հիշատակել Բաղդասարյանի մասին «Վիքիլիքսի» աղմկահարույց բացահայտումները, որտեղ Բաղդասարյանը ներկայացվում էր իբրև «հայաստանյան քաղաքական կյանքի քամելեոն, ով պատրաստ է վաճառվելու ամենաբարձր գին տվողին»։ Հիշեցնենք, համաձայն այդ փաստաթղթերի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը առանձնահատուկ ուշադրությամբ է հետևել Բաղդասարյանի քաղաքական կարիերային՝ սկսած նրա ԱԺ նախագահ լինելու տարիներից: Փաստաթղթերում նրա անձը հիշատակելիս շատ է գործածվում «բազմակի օգտագործված» բնորոշումը, անսկզբունք քաղաքական գործիչ լինելու և ամենաթանկ վճարողին վաճառվելու պատրաստակամության հանգամանքը, որով պայմանավորված ՀՀ իշխանություններն անգամ խուսափել են նրա հետ համագործակցությունից: Բայց ԱՄՆ կառույցներին, թերևս, դա այնքան էլ չի հուզում և նրանք հանձն են առել ֆինանսավորել Արթուր Բաղդասարյանի կուսակցության գործունեության ինչ-որ հատված (գուցեև ամբողջությամբ՝ ով գիտի՞): Իսկ գուցե մի օր Բաղդասարյանը նաև կարողանա ստանալ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը, որի նկրտումներն ունի արդեն երկար տարիներ, բայց ինչին, ասում են, կտրականապես դեմ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Պատրաստեց Լիա Խոջոյանը
«Հեշտ հանգուցալուծում չեմ ակնկալում, բայց...». ԿԲ ապօրինություններով կզբաղվի պետական կառույցը
Հաջորդ նորություն next