28.03.2024
Ամերիկյան զենքը Ուկրաինայում. ինչպիսի՞ ազդակ կստանա կոնֆլիկտը Դոնբասում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Չդադարող փորձեր. Արևելյան Եվրոպան փնտրում է գազային կախվածության թուլացման ճանապարհներ

Ադրբեջանում Ռումինիայի դեսպան Դանիել Քրիստիան Չոբանուն հայտարարել է, որ Ռումինիան միշտ կողմնակից է եղել Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա գազամուղի կառուցմանը, ինչը կարող է ապահովել գազի առաքման ամենակարճ ճանապարհը Կասպից ծովից եվրոպական շուկա: Դեսպան Չոբանուն նշել է, որ Ադրբեջանը մեծ դեր է խաղում ԵՄ-ի էներգետիկ անվտանգության ապահովման համար, իսկ Կասպից ծով-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծումն ունի ռազմավարական նշանակություն:

AGRI (Azerbaijan-Georgia-Romanian Interconnector) նախագծով ադրբեջանական գազը հասնելու է Վրաստանի սևծովյան նավահանգիստներ, որտեղ այն հեղուկացվելու է և հատուկ տանկերներով արտահանվելու է Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստ: Գազն այնտեղ բերվելու է նորմալ վիճակի և օգտագործվի ինչպես Ռումինիայի ներքին սպառման համար, այնպես էլ արտահանվի ԵՄ երկրներ: Նախնական տվյալներով, գազամուղի արժեքը կազմելու է 1.2-4.5 միլիարդ եվրո:

Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա էներգետիկ-տրանսպորտային միջանցքը պետք է դիվերսիֆիկացնի Արևելյան Եվրոպայի էներգետիկ պահանջները և նվազեցնի այդ երկրների միակողմանի գազային կախվածությունը Ռուսաստանից: Ռումինիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ պայմանավորվածություններ են ձեռք բերել ադրբեջանական գազի վրացական սևծովյան ափից դեպի Ռումինիա արտահանելու հետ կապված: Տվյալ նախագծի միանալու ցանկության մասին է հայտնել նաև Թուրքմենստանը, որն ունի գազի խոշորագույն պաշարներ:

Նշենք, որ Վրաստանի Սև ծովի ափին ադրբեջանական Սոկար ընկերությունը կառուցել է և այժմ շահագործում է Կուլևի նավթային տերմինալը, որտեղ պետք է կառուցվի նաև գազի հեղուկացման գործարան:

Ռումինիան, որը գազային մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, նպատակ ունի այդ կախվածությունը թուլացնել ադրբեջանական և հնարավորության դեպքում նաև մերձկասպյան այլ երկրների գազի միջոցով: Նույն հույսով էլ Բաքու է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեվնելիևը, ով հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Բուլղարիայի նախագահը նշել է, որ Հունաստանի և Ռումինիայի հետ գազային խողովակաշարի կառուցումը և դրա միացումը Հարավային գազային միջանցքին ունի մեծ նշանակություն: Պլեվնելիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի միացմամբ այդ միջանցքին գազի մատակարարումները կարելի է ժամանակից ավելի շուտ սկսել:

Հիշեցնենք, որ օրերս Բուլղարիան պայմանագիր է ստորագրել Ռումինիայի և Հունաստանի հետ՝ երեք երկրների գազամուղերի միացման վերաբերյալ: Նոր գազամուղի արժեքը կազմում է 220 միլիոն եվրո: Դրա շահագործումը նախատեսվում է 2018թ.-ին և Բուլղարիան կկարողանա գազ ստանալ Ադրբեջանից ու Հունաստանից:

Այս պահի դրությամբ Բուլղարիան տարեկան սպառում է մոտ 3 միլիարդ խմ գազ, որի 95%-ը մատակարարում է Ռուսաստանը:

Նշենք, որ ԱՄՆ-ն իր Ազգային անվտանգության նոր ռազմավարությունում մեծ տեղ է հատկացնում Մոսկվայից իր դաշնակիցների էներգետիկ կախվածությունը թուլացնելու և ԵՄ առաքվող գազի դիվերսիֆիկացիայի հարցերին: Այդ համատեքստում կարելի է դիտարկել Ադրբեջանի ձգտումները դառնալ ԵՄ գազ մատակարարող և գազի տարանցման (Ղազախստանի և Թուրքմենստանի գազն ու նավթը) կարևորագույն կենտրոն:

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն իրենց աջակցությունն են հայտնել TANAP՝ թուրք-ադրբեջանական Տրանսանատոլիական գազամուղի կյանքի կոչմանը և Բրյուսելն էլ այս գազամուղին ցանկանում է միավորել նաև թուրքմենական գազը՝ Տրանսկասպյան գազամուղի օգնությամբ: Այժմ Աշգաբադ է իջել եվրոպացիների «դեսանտը»՝ լոբբինգի իրականացման համար: Եվրոպական հանձնաժողովի էներգետիկայի հարցով փոխնախագահ Մարոշ Շևչովիչը Աշգաբադում բանակցություններ է վարում Կասպից ծովով թուրքմենական գազը դեպի Եվրոպա արտահանելու շուրջ, որի նպատակն է նվազեցնել ԵՄ-ի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էրնեստ Մորիցը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնում ԵՄ-ին՝ Տրանսկասպյան գազամուղի իրականացման համար: Ադրբեջանը և Թուրքմենստանը կապող Տրանսկասպյան գազամուղը իրականացվելու է Հարավային գազային միջանցքին միանալու համար, որի միջոցով մերձկասպյան երկրների գազը՝ Ռուսաստանը շրջանցելով կհասնի Եվրոպա: Հարավային միջանցքին միանալու համար Թուրքմենստանից Կասպից ծովի հատակով պետք է 300 կմ-ոց խողովակաշար կառուցել մինչև Ադրբեջան:

Այսպիսով, ԱՄՆ-ը Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռյակը դիտարկում է որպես ԵՄ-ի՝ ռուսական գազից կախվածության թուլացման էներգետիկ-տրանսպորտային կարևորագույն միջանցք և շարունակելու է ջանքեր գործադրել այդ միջանցքին ԵՏՄ-ի անդամ Ղազախստանին և չեզոք Թուրքմենստանին միացնելու համար:
Բաղդասարով. Եթե Իրանը չպատերազմեր՝ Իրաքի և Սիրիայի կառավարությունները վաղուց կտապալվեին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար