Հայաստանը սկսել է գազ արտահանել Վրաստան

2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի Վրաստան է արտահանվել 24.7 մլն խորանարդ մետր գազ: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, գազի ընդհանուր արժեքը կազմել է մոտ $6.2 մլն:

Ստացվում է, որ Վրաստանը ՀՀ-ից 1000 խորհանարդ մետր գազը գնում է մոտ $250-ով, հայտնում է PanARMENIAN.Net-ը:

Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին 2016-ի հունվարին հայտարարել է, թե նախատեսվում է տարեկան Իրանից Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:

Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու: