Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանումն աճել է 41 անգամ

2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 30 հազար տոննա լոլիկ՝ $19.7 մլն ընդհանուր արժեքով: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, լոլիկը գրեթե ամբողջությամբ արտահանվել է Ռուսաստան:

2015-ի նույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել էր ընդամենը 725 տոննա լոլիկ՝ մոտ $1 մլն արժեքով:

2016-ի մայիսին «Ռոսսելխոզնադզորը» կասկածում էր, որ Հայաստանը թուրքական լոլիկ է վերաարտահանում: Ինչպես ասվում էր ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ, հունվար-փետրվարին Հայաստանից ներմուծվել է ՌԴ մոտ հազար տոննա լոլիկ, Եգիպտոսից` 2 հազար տոննա, Ադրբեջանից` 3,5 հազար տոննա: Ընդ որում 2015-ի նույն ժամանակահատվածում նշված ապրանքատեսակը Եգիպտոսից ու Ադրբեջանից ներմուծվել է աննշան քանակությամբ:

Իսկ ավելի ուշ հայտնել էին, որ ՀՀ-ից և Եգիպտոսից դեպի ՌԴ բանջարեղենի առաքումների աճը կապված է այդ երկրներում լավ բերքի և ռուսական շուկայում իր տեղը գտնելու ցանկության, ոչ թե Թուրքիայից լոլիկ վերաարտահանելու հետ, հայտնում է PanARMENIAN.Net կայքը:

Հայաստանի Հանրապետությունում՝ ըստ ԱՎԾ տվյալների, 2015-ին լոլիկի ցանքատարածությունները (բաց գրունտ) կազմել են 7401 հա, համախառն բերքի ծավալը՝ 320.183 տոննա, իսկ 2016-ին՝ օպերատիվ տվյալներով, լոլիկի ցանքերը կազմում են 7900-8000 հա։