Պեսկով. Ռուս-թուրքական հարաբերություններն ամբողջությամբ կվերականգնվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի շրջանակում կայացած հանդիպումների ժամանակ կարծիքներ են փոխանակել Սիրիայի հակամարտության և երրկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Բավականին երկար են բանակցել` և՛ պատվիրակությունների մակարդակով, և՛ առանձնազրույցի ձևաչափով, որին հետո միացել են ԱԳ նախարարները: Հանդիպումն անցել է վստահության մթնոլորտում, կարծիքների ակտիվ փոխանակում է տեղի ունեցել: Քննարկվել է Սիրիայի իրավիճակը»,-ասել է նա:

Ըստ նրա, պատվիրակությունների մասնակցությամբ անցած հանդիպման ժամանակ խոսվել է ռուս-թուրքական համագործակցության վերականգնման մասին բոլոր ձևաչափերով, այդ թվում բարձր մակարդակի խորհրդի մասով, որի նիստը նախատեսվում է գումարել մինչև տարեվերջ: Նախատեսվում է վերականգնել նաև ռազմավարական պլանավորման համատեղ խմբի աշխատանքը, որի նիստը կկայանա աշնանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների համաժովի գործունեությունը:

Բացի այդ, հավելել է Պեսկովը, փաստացի ավարտվել է աշխատանքը մինչև 2019թ. համար նախատեսված Գիտատեխնիկական և մշակութային համագործակցության ծրագրի վրա, որն արդեն պատրաստ է ստորագրման: