Քոչարյան. ԼՂ հակամարտության շուրջ անբարենպաստ գործոններ են կուտակվում

Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այժմ ԼՂ համակարտության կարգավորման գործընթացի շուրջ տեղի է ունենում հայկական կողմի համար անբարենպաստ գործոննրի կուտակում, ինչը «լուրջ անհանգստություն է առաջացնում»:

«Ռուսաստանյան զենքի մատակարարմամբ ռազմական հավասարակշռության խախտումը, ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձևերը և զեկույցները, Ադրբեջանի նախաձեռնությամբ տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատի ձևավորումը (իհարկե՝ առանց Հայաստանի), մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը: Տեղի ունեցողի աշխարհաքաղաքական հետևանքները երկարատև բացասական ազդեցություն են ունենալու երկրի տնտեսության, միջազգային և տարածաշրջանային գործերում մեր կշռի ու ազդեցության և իհարկե՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի մեջ ներգործելու մեր ռեսուրսի վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նրա կարծիքով, իշխանությունները պետք է կարողանան վերլուծել կատարվողի պատճառները և գործուն բանաձև գտնել՝ հակազդելու ձևավորված մատրահրավերներին: Ընդ որում, նշում է նա, իրավիճակը կարգավորելու համար «մենք շատ ժամանակ չունենք»:

Նրա խոսքով, ապրիլյան պարետազմական իրադարձություններից հետո՝ դատելով հակամարտող կողմերի պաշտոնյաների հայտարարություններից, ինչպես նաև մերձիշխանական ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից, կողմերի մոտ զիջումների գնալու պատրաստակամությունը խիստ անհամաչափ է:

«Հայկական կողմի մոտ այդ պատրաստակամությունը չափից դուրս շեշտադրված է, միևնույն ժամանակ, Ադրբեջանում մեզ համար սկզբունքային հարցերի վերաբերյալ զիջումների գնալու նույնիսկ ակնարկներ չկան: Այս իրավիճակը վրդովեցնում է հասարակությանը Հայաստանում և Արցախում, բացասական սպասումներ առաջացնում բանակցություններից և կարող է պարտվողական տրամադրությունների պատճառ դառնալ», - ասել է նա:

Անդրադառնալով բուն բանակցային գործընթացին նա հիշել է իր նախագահության տարիները, երբ, ըստ նախկին նախագահի, 10 տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ Քի Ուեսթում, «մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը», ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն հենց ստորագրման արարողության ժամանակ: «Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում», - պարզաբանել է նա:

Այնուհետ, նշում է նա, հայտնվեցին «մադրիդյան սկզբունքները», որոնք միայն մասամբ էին ընդունելի հայկական կողմի համար, քանի որ ճանաչում էին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: «Բայց դա ոչ թե ստորագրման համար նախատեսված փաստաթուղթ էր, այլ սկզբունքներ էին, որոնք, միջնորդների կարծիքով, պետք է հիմք հանդիսանային ապագա համաձայնագրի համար: Այդ սկզբունքների հիման վրա միջնորդները փորձեցին կարգավորման համաձայնագիր ստեղծել, սակայն, այդ համաձայնագիրը երբեք ստորագրմանը մոտ չի եղել: Միևնույն ժամանակ, այն տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից թե բարեփոխումներով, թե արտաքին քաղաքական ակտիվությամբ և բանակցում էինք, վստահ լինելով, որ ի զորու ենք չեզոքացնել հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձ», - նշում է նա ու հավելում, որ այս ամենը 10 տարի առաջ էր:

Այն ժամանակ հիշեցնում է Քոչարյանը, Ադրբեջանի գործողությունները, նրա ագրեսիվության աստիճանը, անվստահության մակարդակը բոլորովին այլ էին: «Չկար հայ սպային Բուդապեշտում գլխատած հանցագործի պետական հերոսացումը, չկար ապրիլյան պատերազմը, իսկ հրադադարը խարսխված էր ուժերի հավասարակշռության վրա, ինչի մի մասն էին հանդիսանում վերահսկվող տարածքները: Ակնհայտ է, որ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին և վերանայման կարիք ունեն: Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ և դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ: Օրինակ, համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ. ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի և միջազգային հանրության կոշտ և վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով», - բացում է փակագծերը նախկին նախագահը:

Քոչարյանի համար ԼՂ հակամարտության լուծման ցանկալի տարբերակն այն է, որ ԼՂՀ անկախությունը և Հայաստանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը չեն կարող սակարկության առարկա լինել: «Ընդ որում, ապրիլյան պատերազմը պետք է կարծրացնի մեր մոտեցումները կարգավորմանը, այլ ոչ թե թուլացնի դրանք, քանի որ մեծացնում է որևէ զիջումների գնալու ապագա ռիսկերը: Կրկնվեմ. առաջին հերթին անվտանգության երաշխիքներով և հանրաքվեի կոշտ կապակցվածությամբ վերահսկվող տարածքների մի մասի վերադարձի հետ: Հաշվի առնելով փոխվստահության զրոյական մակարդակը, պետք է բացառել անորոշությունները, ինչպես նաև հակամարտության կողմերի՝ ապագա համաձայնագրի որևէ կետի ազատ մեկնաբանելու հնարավորությունը», - եզրափակել է նա: