Երևանյան գլոբալ ֆորում. Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ ագրեսիան սկսում է կրել ցեղասպանության ձևեր

367
Երևանում այսօր շարունակեց իր աշխատանքները «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումը նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հիշեցնենք, որ երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել է ավելի քան 600 փորձագետ, պատմաբան, իրավաբան, քաղաքագետ և պատգամավոր:

Այսօրվա համաժողովը բացեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել է, որ քանի դեռ գոյություն ունի պետություն, որի հոգեբանության մեջ գերակշռում է ատելությունը՝ ցեղասպանությունների վտանգը չի անհետացել: «Մենք ստիպված ենք ցեղասպանությունը համարել մեր օրակարգի անբաժանելի մաս: Օսմանյան ատելությունից Թուրքիայի գիտակցությունը այնքան է մթագնել, որ հայատյացությունը վերածվել է տոտալ քսենոֆոբիայի: Մարդկությունը այսօր ապահովագրված չէ նոր ցեղասպանություններից, քանի որ հանցագործները չեն կրել իրենց պատիժը», - նշել է նա:

Իր հերթին, ՌԴ-ի Պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Լեվիչևը հայտարարել է, որ Ռուսաստանը այսօր ողբում է Հայաստանի հետ միասին: «Մեզ միավորում է խորը ընդհանրությունը կրոնի, պատմության, մշակույթի մեջ: Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու օրվա խորհրդի հետ կապված: Ցեղասպանությունը՝ մարդկության դեմ գործած հանցագործություն է: Հայերի ողբերգություն աշխարհին ոչինչ չի սովորեցրել, մենք իրավունք չունենք լռության մատնել այդ հանցագործությունը», - նշել է ՌԴ-ի Պետդումայի փոխխոսնակը:

Նրա խոսքով, այսօր Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ ագրեսիան սկսել է կրել համակարգված ցեղասպանության տեսք: Սա հետևանք է նաև նախկին ցեղասպանությունների չդատապարտման և չընդունման: Լեվիչևը հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռևս 1995թ.-ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, սպասվում է, որ ՌԴ-ի Պետդուման ապրիլին 24-ին հատուկ հայտարարություն կընդունի 100-ամյակի հետ կապված:

Բրիտանական Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ և ներկայացուցիչ, սոցիոլոգ և հայտնի իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքով, Ադրբեջանի փորձերը ոչնչացնել և դուրս մղել հայերին իրենց պատմական հայրենիք Արցախից՝ ցեղասպանության նոր փորձ է: «Ցավալի է, որ Ադրբեջանը հանդես է գալիս սպառնալիքներով: Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի անկախության և ինքնորոշման, ինչպես նաև Կոսովոն: Մենք պայքարելու ենք այն բանի համար, որպեսզի պատմական արդարություն հաստատվի»:

Բարոնուհին շատ կարևոր է համարում ցեղասպանության ճանաչումը, քանի որ չարիքը չի կարելի անպատիժ թողնել: «Թաքցնել և հերքել չարիքը՝ նշանակում է վերքը բաց պահել, որպեսզի այն անվերջ արյունահոսի», - նշել է նա: Քոքսը հավելել է, որ ցեղասպանության ճանաչումը բխում է նաև Թուրքիայի շահերից:

Սեփական կառավարության քննադատությամբ է հանդես եկել Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը: «20-րդ դարը ահավոր ողբերգությունների դարաշրջան էր: 1.5 միլիոն հայ սպանվել է թուրքական կառավարության կողմից և դա ցեղասպանություն էր: Մեր կառավարությունը քաջություն չի ունեցել և չի ընդունել Հայոց ցեղասպանությունը »,-նշել է նա:

Վայլերը հիշեցրել է, որ շատ գիտնականներ, պատգամավորներ, աշխարհի քաղաքական գործիչները կոչ են արել Թուրքիային հրապարակայնորեն ընդունել սեփական պատմության փաստերը: «Հայոց ցեղասպանությունը մոռացության չի մատնվելու, անկախ ամեն ինչից: Մենք՝ գերմանացիներս, 20-րդ դարում նույնպես մեզ վրա մեծ մեղք են վերցրել՝ ես խոսում եմ Հոլոքոստի մասին: Մեզ ներել են, քանի որ մենք դատապարտել ենք մեր անցյալը: Դա հեշտ չէր, պահանջում էր մեծ ջանքեր, սակայն մենք դա արել ենք», - նշել է պատգամավորը:

Ներողություն է խնդրել նաև իտալացի պատգամավոր Ջանլուկա Պինին այն բանի համար, որ Հռոմը պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Պատգամավորը խոստացել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի իտալական խորհրդարանը ընդունի Հայոց ցեղասպանությունը և քրեականացնի դրա ժխտումը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...