28.03.2024
Գեղարքունիքի մարզում բացվեց առաջին ռուսական կենտրոնը
08.07.2022
Գեղարքունիքի մարզում բացվեց առաջին ռուսական կենտրոնը

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում բացվեց կրթամշակութային «Ռուսական կենտրոն»։ Կրթական կենտրոնը բացվել է Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունի խոշորացված համայնքի Վարդաձոր համայնքի վարչական մարմնի և բարերար Անդրանիկ Բաղդասարյանի ֆինանսական աջակցությամբ։ Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, բարերար Անդրանիկ Բաղդասարյանը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ «Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է իրականացնել ծրագրեր՝ ուղղված պատանիների շրջանում ռուսաց լեզվի, գրականության, մշակույթի և պատմության տարածմանը, ինչն էլ նպաստում է Ռուսաստանի և Հայաստանի կրթամշակութային, հումանիտար գործակցության զարգացմանը։ Այս կենտրոնում երեխաները կկարողանան անվճար ռուսերեն սովորել և հաղորդակցվել մշակույթին։ Հույս ունենք, որ երեխաներին կհետաքրքրի ռուսական մշակույթի բազմազանությունն ու նրանք կսիրեն ռուսերենը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ «Ծնվել եմ այստեղ՝ Վարդաձորում, բայց երկար տարիներ ապրում եմ Վոլգոգրադում: Հայաստանն ու Ռուսաստանը իմ երկու հայրենիքներն են։ Ինձ համար կարևոր է, որ իմ հայրենի գյուղի երեխաները պահպանեն և զարգացնեն սերտ բարեկամությունը երկու ժողովուրդների միջև»,- նշեց բարերար Անդրանիկ Բաղդասարյանը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորելով նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ նման կենտրոններ կբացվեն նաև Գեղարքունիքի մարզի այլ քաղաքներում և համայնքներում։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հայաստանում ՌԴ դեսպանության առաջին քարտուղար Մարիա Կորոտինան ընթերցեց դեսպան Սերգեյ Կոպիրկինի ողջույնի խոսքը. «Այս դժվարին ժամանակներում, չնայած ժամանակակից աշխարհի բազմաբնույթ մարտահրավերներին, մեր եղբայրական ժողովուրդները պահպանում են գործակցության ամրապնդման ձգտումը, ինչի մասին փաստում է նաև այս կենտրոնի բացումը։ Սա արդեն 6-րդ կենտրոնն է, որ բացվում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնութամբ։ Վստահ եմ, որ կենտրոնի գործունեությունն ուղղված կլինի Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխըմբռնման հետագա ամրապնդմանը»: Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ Վարչության պետի տեղակալ, գնդապետ Յուրի Դեդովը վստահություն հայտնեց, որ կենտրոնը կդառնա երեխաների դաստիարակության և եղբայրական հայ ժողովրդին Ռուսաստանի մշակույթին և պատմությանը հաղորդակից դարձնելու ևս մեկ կարևոր օջախ: Վարդաձորում բացված ռուսական կենտրոնն արդեն 6-րդն է, որը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից: Նման կենտրոններ են գործում Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Իջևանում և Մալիշկա գյուղում։ Կրթական այս հարթակներում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որի միջոցով հնարավոր է ամբողջական ինֆորմացիա ստանալ Ռուսաստանի մշակույթի և պատմության մասին։ Կենտրոնների աշխարհագրությունը ընդլայնվում է։ Նման կրթական հարթակներ է նախատեսվում բացել Հայաստանի բոլոր մարզերում։

Նորություններ գործընկերներից