29.03.2024
ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում․ ԱԳՆ
15.04.2022
ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում․ ԱԳՆ

Կողմերի միջև կա նախնական ըմբռնում, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Նրա խոսքով, հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։ Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե իրենք կցանկանային, որ հանդիպումը լիներ Հայաստանում կամ Թուրքիայում, խոսնակը հիշեցրել է, որ կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում և Թուրքիայում եղել են՝ թե՛ բանակցողների, թե՛ նույնիսկ նախագահների մակարդակով, բայց, ինչպես գիտեք, դրանք արդյունքի չեն հանգեցրել: "Նկատի ունեմ՝ կարևորը կարգավորման հասնելու քաղաքական կամքն է և հստակ՝ առարկայական քայլերի գնալու պատրաստակամությունը: Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց",- ասել է Հունանյանը։Ավելին, շարունակել է նա, հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։ Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ։Ինչ վերաբերում է Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում անհրաժեշտ են համարձակ քայլեր, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ։ "Մենք բազմիցս ցույց ենք տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարևոր քայլ էր: Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի",- հավելել է նա:  

Նորություններ գործընկերներից