28.03.2024
Մամուլ. Քոչարյանի և Սարգսյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին
14.05.2021
Մամուլ. Քոչարյանի և Սարգսյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեք նախագահների դաշինքով ընտրություններին մասնակցելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կառուցողական առաջարկը թեեւ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից, սակայն հենց նրանց շահերից է բխում, որ ՀՀ առաջին նախագահը մասնակցի ընտրապայքարին՝ դառնալով ընտրությունների այլընտրանք՝ իշխանության եւ նախկինների արանքում։ Մանավանդ, որ երրորդ ուժի տեղի հավակնորդները շատ են, եւ եթե Տեր-Պետրոսյանը չմասնակցի, ապա այդ տեղը կարող են զբաղեցնել «Լուսավոր Հայաստանը», «Սասնա ծռերը», անգամ Արման Բաբաջանյանն ու Արամ Սարգսյանը։ Մեր տեղեկություններով, ըստ անկախ սոցիոլոգիական գաղտնի հարցումների՝ Սյունիքի «ողջույններից» հետո Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը մոտ 4 կետով անկում է գրանցել։ Բայց այնպես չէ, որ դա մեխանիկորեն գումարվել է սեւերի օգտին։ Հերթական հիասթափվածների բանակը, որպես կանոն, միանում է ընտրություններին չմասնակցողների բանակին։ Իսկ որքան ցածր լինի մասնակցության շեմը, այնքան կմեծանա իշխանությունների՝ հաղթելու հավանականությունը։ Իսկ չմասնակցելու մտադրություն ունեցողներն արդեն մոտ 60 տոկոս են կազմում»։ «Իրավունք» օրաթերթը գրում է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկա­վար մարմինը Հոգաբարձուների խոր­հուրդն է՝ նախկինում կազմված 37, այժմ՝ 30 անդամներից: Հատկանշական է այն, որ խորհրդի կազ­մում նախկի­նում եղել է ՀՀ սփյուռքի հիմնադիր-նախարար Հրանուշ Հակոբյանը, ապա նրան հա­ջորդել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպոր­տի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը զբաղեցնում էր ՀՀ սփյուռքի նախա­րարի պաշտոնը: Ըստ նույն տրամաբա­նության, թվում է, թե այժմ էլ հոգաբար­ձուների խորհրդի կազմում պետք է լի­ներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձ­նակատար Զարեհ Սինանյանը, բայց մի­այն թվում է: «Իրավունքի» ուսումնասի­րությունը ցույց տվեց, որ Մխիթար Հայրապետյանից հետո Սփյուռքի հարցե­րով զբաղվող գերատեսչության ղեկա­վարին, պարզապես, տեղ չեն տվել կամ էլ՝ չեն վստահել, և նա այդպես էլ դուրս է մնացել Հոգաբարձուների խորհրդի կազմից»: «Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիք»-ՀՀԿ-ի ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է նոր, կարելի է ասել՝ վճռական եւ պայքարող կանանցով։ Երեկ «Հայրենիք» կուսակցությանն անդամակցելու եւ դաշինքի ցուցակում հայտնվելու մասին հայտարարեց ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանը։ Մեր տեղեկություններով, շուտով այս ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին կհայտարարի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, որը երկու օր առաջ հայտարարեց, որ ԲԴԽ-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ դրանից առաջ դիմել էր դատարան՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ-ին անդամակցությունը դադարեցնելու պահանջով։ Մեր տեղեկություններով՝ Կարինե Պետրոսյանը, որն այս ընթացքում աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով եւ հայտարարություններով, մտադրություն ունի մտնել քաղաքականություն եւ ընտրություններին մասնակցել «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով։ Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց մեզ ասացին՝ լիազորությունները դադարեցնելուց հետո նա այդ մասին մոտ օրերս կհայտարարի։ Ի դեպ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին կին թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի ՀՀԿ երիտթեւից 27-ամյա Աննա Մկրտչյանը՝ Քասախի գյուղապետի դուստրը։ Նրան ցուցակի առաջին կինը լինելու պատիվը «շնորհվել» է Սերժ Սարգսյանի միջնորդությամբ, ինչը ոչ միանշանակ է ընկալվել դաշինքում»: «Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ նախընտրական ցուցակները պետք է մինչև մայիսի 26-ը քաղաքական ուժերն արդեն ներ­կայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են: Այդ թվում՝ դեռևս չեն կարողանում որևէ քաղաքական ուժի հետ դաշինքավորվելու համաձայնության գալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, Զա­րուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ազգային օրակարգ» կուսակցությունը: Հիշեցնենք, որ այս ուժերը Հայրենի­քի փրկության շարժման մաս էին կազ­մում, սակայն շարժման մասնատումից հետո այս կամ այն թևին այդպես էլ չհարեցին»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Վաղինակ Սարգսյանին: Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ում քննվում է մեկ քրեական գործ, որի շրջանակներում էլ հենց Վաղինակ Սարգսյանին հրավիրել են հարցաքննության: Իսկ թե կոնկրետ որ քրեական գործի շրջանակներում են Վաղինակ Սարգսյանին հրավիրել հարցաքննության, «Ժողովուրդ» օրաթերթին պարզել դեռեւս չհաջողվեց: Հիշեցնենք, որ Վաղինակ Սարգսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2018-ի հունիսի 11-ին": «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների համար անցանկալի համայնքներից մեկի՝ Վանաձորի քաղաքապետարանը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պալատն ուսումնասիրել է հիմնականում քաղաքապետարանի՝ 2019թ. ֆինանսական գործունեությունը: Հիշեցնենք, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը համարվում է իշխանությունների համար ոչ վստահելի համայնքապետ, եւ ՀՊ-ն պարզել է, որ ղազախներն ու ռուսները դեռեւս 2019թ. գույքահարկի գծով պարտքեր են կուտակել Վանաձորի քաղաքապետարանի նկատմամբ եւ մինչ օրս չեն մարել: Այսպես, ըստ Պալատի՝ համայնքի բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի 2019թ. բազայում առկա են օտարերկրյա քաղաքացիների սեփականություն հանդիսացող 7499 ավտոմեքենա, որոնք գոյացել են, երբ ԵԱՏՄ երկրների, հիմնականում՝ Ղազախստանի քաղաքացիները, ժամանակավոր գրանցում ստանալով համայնքում, օտարերկրացու անունով որպես սեփականություն գրանցել են մեքենաները եւ իրենց հետ իրենց երկիր տարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ավտոմեքենաների տարեկան գույքահարկի գումարը կազմում է շուրջ 124 մլն դրամ, իսկ համայնքի բյուջեի պարտքը 2019թ. վերջի դրությամբ կազմել է շուրջ 152 մլն դրամ: Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ հարկատուները քաղաքապետարանի կողմից կարող են համարվել ռիսկային, իսկ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքը` անհուսալի: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2019 թվականին գրել էր, որ ղազախներն ու ռուսները գալիս գրանցվում են մեր հայ բնակիչների հասցեներով, մեքենա ներկրում ու վաճառում»: «Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում ադրբեջանցիները զավթում են ՀՀ պետական տարածքները, իսկ իշխանությունն իր դիրքերն է ամրացնում։ Նախօրեին, երբ սյունեցիներն ահազանգում էին Իշխանասարի դեպքերի մասին, Սյունիքի մարզպետը Տաթեւում համայնքապետի 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն էր նշանակում․ Արթուր Մաթեւոսյանն անցած տարիներին մի քանի անգամ համայնքապետի ընտրություններում առաջադրվել է եւ միշտ պարտվել։ Այսօր նա իշխանության հետ է, իսկ ընտրություններին ընդառաջ, խնդիր են դրել Սյունիքում ամրապնդել իրենց դիրքերը։ ԺՊ-ն նշանակվելու առաջին իսկ պահից աշխատակազմին գուժել է, որ կադրային զտումներ է սկսում, ինքն է որոշելու՝ ում հետ աշխատի, ում հետ՝ ոչ։ Եվ առաջին դիմումը հորդորել է գրել նախկին համայնքապետի խորհրդական, համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատու 23-ամյա Մարի Թեւոսյանին։ «Այսօր նորանշանակ պաշտոնակատարն ինձ կանչեց իր մոտ՝ հայտնելով, որ չի ուզում ինձ հետ աշխատել։ Իմ այն հարցին, թե որն է պատճառը, ինչ իրավական հիմք կա, պատասխանեց, որ պարզապես չի ցանկանում։ Հորդորեց՝ կա՛մ դիմում կգրեք ինքնակամ, կա՛մ ես կազատեմ։ Հարցնում եմ՝ այսինքն, ամենաթողության դարաշրջա՞ն է, պատասխանում է՝ այո, ես եմ որոշում»,- պատմեց Մարին՝ նշելով նաեւ, որ աշխատակազմում շատերին է սպառնում գործազրկությունը․ «Ես երկուսուկես տարի աշխատում եմ համայնքապետարանում եւ այնքան ծրագրեր եմ արել, որ համայնքապետարանում մինչ այդ նման ծավալի ծրագրեր չէին արվել, հրաժարվել եմ մայրաքաղաքում աշխատելու բազում առաջարկներից, որպեսզի մնամ՝ իմ հայրենի համայնքը զարգացնեմ, ու այսօր նման վերաբերմունքի եմ արժանանում»։ Նշենք, որ համայնքապետի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա փետրվարին, փետրվարի 23-ին ԺՊ էր նշանակվել, բայց ընտրություններից առաջ որոշել են կրկին փոխել ԺՊ-ին»: «Հրապարակ» թերթը գրում է. «Թշնամին, որը 2 օր առաջ ներխուժել է ՀՀ տարածք, ավելի քան մարտական է տրամադրված, տեղեկացանք, որ Սեւ լճի հատվածում շուրջ 50 զինտեխնիկա են կենտրոնացրել՝ լճի ողջ երկայնքով, եւ մեծ թվով զորք կուտակել։ Սյունիքում արդեն կամավորական ջոկատներ են կազմվում, քանի որ բանակի հետ հույսեր չեն կապում։ Սակայն պարզվում է՝ մարզային իշխանություններին դեռեւս մեկ շաբաթ առաջ են տեղեկացրել լճի տարածքում հակառակորդի շարժի մասին, անգամ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ լճի հատվածից արված տեսանյութն էր շրջանառվել համացանցում։ Մինչդեռ Սյունիքի մարզպետարանն իր պաշտոնական էջով խրոխտ հերքում էր տարածել եւ «վստահեցրել», որ իրավիճակը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց պայմանագրի ոչ թե 4-րդ (պետության վրա հարձակման), այլ 2-րդ (հարձակման վտանգի ու սպառնալիքի) հոդվածով: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին պայմանագրի կանոնները եւ պարզեց, որ, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի, ՀԱՊԿ անդամ պետությունները (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը) պարտավոր են միջոցներ ձեռնարկել Հայաստանին աջակցելու ուղղությամբ:  Համաձայն «ՀԱՊԿ-ի կողմից ճգնաժամային իրավիճակների արձագանքման» կանոնակարգի 3.6 կետի, ինչպես նաեւ «ՀԱՊԿ ուժի եւ միջոցների կիրառման մասին կոլեկտիվ որոշումների կայացման կարգի»՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը անվտանգության խորհրդների քարտուղարների խորհրդի հետ համատեղ պարտավոր են 3-օրյա ժամկետում անդամ-պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացնել գործողությունների պլան հետեւյալի մասին. -ուժի գործադրման պատրաստակամության ցուցադրման նպատակով ուժերի բացազատում անդամ-պետության տարածքում, -անդամ-պետության կայունությանը, անվտանգությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող զինված հարձակման կանխարգելում կամ ետմղում, -անդամ-պետության տարածքում բռնի գործողությունների կանխարգելում, դադարեցում եւ հակազդում, -այլ վտանգների, մարտահրավերների ու արտակարգ իրավիճակների հակազդում: Իսկ, ահա, ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ հոդվածի համաձայն՝ եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի հարձակման (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող), ապա դա մասնակից երկրների կողմից կընկալվի որպես հարձակում (զինված հարձակում՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) ներկայիս պայմանագրի բոլոր մասնակից պետությունների վրա։ Դիմումը, սակայն, երկրորդ հոդվածով է»։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստորեն, իշխանությունները չեն հրաժարվել վեթինգի գաղափարից։ Ամեն դեպքում, դա է վկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանություն իրականացնող պաշտոնյաների խոցելիության ստուգման (վեթինգի) մասին վերնագրով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջարկվում է իրականացնել դատավորների, ԲԴԽ անդամների, ՍԴ դատավորների խոցելիության ստուգում դատավորների մոտ նրանց «կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայությունը» պարզելու նպատակով: Միեւնույն ժամանակ, դատախազների եւ քննիչների խոցելիության ստուգում նույնպես չի նախատեսվում, քանի որ դա նույնպես կարող է անհարկի ձգձգել գործընթացը: Ընդ որում, օրենքը չի տարածվելու այն ուժի մեջ մտնելուց հետո թափուր պաշտոններում ընտրվող կամ նշանակվող հիշյալ պաշտոնյաների վրա: Վեթինգն ավարտվում է հետեւյալ երկու որոշումներից մեկի կայացմամբ՝ 1. դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության մասին եզրակացություն, 2. դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության բացակայության մասին եզրակացություն: Վեթինգի անցկացման համար անձից պետք է պահանջվի շատ տեղեկատվություն, ընդ որում՝ նրա, նրա հարազատների կողմից վերջին 15 տարում կատարված գործարքների մասին, որ իրապես խոցելի դատավորները իրենք հրաժարվեն նման դիմում ներկայացնելուց»:  

Նորություններ գործընկերներից